Ըստ «Արմենպրես»-ի՝ ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գեւորգյանը, անդրադառնալով «Իսկանդերի» թեմային, պարզաբանել է, որ այդ զինատեսակի առնչությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ճիշտ չեն զեկուցել։
«ՀՀ վարչապետը եւ ՌԴ նախագահը վերջերս կայացած հեռախոսազրույցի ընթացքում, ի թիվս այլ հարցերի՝ քննարկել են նաեւ Հայաստանի կողմից «Իսկանդեր» համակարգի կիրառման վերաբերյալ ՀՀ վարչապետի հայտարարությունը:
Նիկոլ Փաշինյանն առկա փաստերի եւ տվյալների համադրության արդյունքում եկել է եզրակացության, որ իրեն այս իրավիճակի առնչությամբ ճիշտ չի զեկուցվել»,– ասել է Մանե Գեւորգյանը։
Խոսնակի դիտարկմամբ`վարչապետի հայտարարությունը ոչ մի կապ չունի ռազմական եւ ռազմարդյունաբերական համագործակցության ոլորտում հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների բովանդակության ու որակի հետ: Կասկած չի հարուցում հանգամանքը, որ ռուսական զենքը լավագույններից է աշխարհում, եւ ՀՀ-ն շարունակում է սերտ համագործակցությունը Ռուսաստանի հետ՝ ռազմական արդյունաբերության եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտներում։
Ըստ ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը Դմիտրի Պեսկովն էլ ասել է, որ Կրեմլին բավարարում են Երեւանից հնչող հայտարարությունները։
«Շատ կարեւոր է, որ այդ հարցում ճշմարտությունը վերականգնվեց», — նշել է Պեսկովը։