Արցախի Ազգային Ժողովը հայտարարություն է տարածել Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված Արցախի հանրապետության տարածքների իրավական կարգավիճակի մասին, ըստ այդմ վերահաստատելով, որ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության անկախությունը 1991 թվականի սեպտեմբերի 2-ին հռչակվել է ԽՍՀՄ օրենսդրության եւ միջազգային իրավունքի նորմերի հիման վրա, 1992-1994 թվականներին հետ է մղել Ադրբեջանի ագրեսիան, որպես հակամարտության կողմ տարբեր ձեւաչափերով մասնակցել է ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ խաղաղ կարգավորման բանակցություններին:
Հայտարարության մեջ ասվում է, որ, խախտելով ԵԱՀԿ Մինսկի խմբի եւ համանախագահ պետությունների առջեւ ստանձնած ուժի եւ ուժի սպառնալիքի կիրառումից հրաժարվելու պարտավորությունը, Ադրբեջանը 2020-ի սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ ձեռնարկել է լայնածավալ ռազմական գործողություններ, որոնց արդյունքում զոհվել են հազարավոր ՊԲ զինծառայողներ եւ խաղաղ բնակիչներ, միտումնավոր ոչնչացվել են Արցախի քաղաքացիական ենթակառուցվածքներն ու մշակութային ժառանգությունը:
«Հիմք ընդունելով վերը նշված իրողությունները՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովը հայտարարում է.
1.Մինչ այս պահը Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված Արցախի Հանրապետության տարածքները համարվում են բռնազավթված (օկուպացված) Ադրբեջանի Հանրապետության կողմից.
2. Արցախի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի իրականացրած ագրեսիան եւ նշված տարածքների բռնազավթումը որեւէ իրավական ազդեցություն չեն կարող ունենալ ապագա բանակցությունների ընթացքում Արցախի Հանրապետության կարգավիճակի ու սահմանների որոշման գործընթացում»։