ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող մի խումբ քաղաքացիներ մուտք են գործել կառավարության երրորդ մասնաշենք՝ նախարարությունների աշխատակիցներին կոչ անելով չաջակցել վարչապետին:
Քաղաքացիների մի այլ խումբ էլ մտել է Երեւանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի վարչական շենք եւ նույն պահանջով իրազեկման ակցիայից հետո հեռացել:
Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի գրասենյակն այս առիթով հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է. «Այսօր մի խումբ քաղաքացիներ ներխուժել են Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմ (թաղապետարան)՝ պնդելով, թե իբր շենքում «ապօրինաբար ստիպում են մասնակցել Հանրապետության հրապարակում նախատեսվող հանրահավաքին»: Ընդ որում, թաղապետարան ներխուժած քաղաքացիները խանգարել են վարչական շրջանի աշխատակազմի բնականոն աշխատանքը:
Հայտնում ենք, որ սույն պնդումը չի համապատասխանում իրականությանը։
Որեւէ մեկը չի կարող ստիպել համայնքային ծառայողներին, այդ թվում՝ թաղապետարանի աշխատակիցներին, մասնակցել այս կամ այն հավաքին: Միևնույն ժամանակ, համայնքային ծառայողները ազատ են աշխատանքային ժամից հետո իրացնել ՀՀ Սահմանադրությամբ եւ հավաքների մասին օրենսդրությամբ իրենց վերապահված իրավունքը:
Հորդորում ենք չտրվել սադրանքներին, չտարածել ապատեղեկատվություն, պահպանել հանդարտություն»: