Դպրոց, համայնքային կենտրոն, գյուղի հավաքատեղի, խաղահրապարակ, մինչեւ խոշորացումն էլ՝ գյուղապետարան… Բոլոր այն ենթակառուցվածքները, որոնք գյուղը գյուղ են դարձնում, ամփոփված են Ախուրյան համայնքի Ջաջուռավան բնակավայրի այս փոքրիկ տնակում եւ դրա անցանկապատ տարածքում:
212 բնակիչ ունեցող Ջաջուռավանը նախկինում կոչվել է Ջաջուռի կրի գործարանի բանվորական ավան: Այստեղ գործել է կրի խոշոր գործարան: Բնակիչները հիշում են այն օրերը, թե ինչպես էին աշխատում ու կիր մատակարարում Խորհրդային Միության հանրապետություններին: 1988 թվականին գործարանն ավերվել է, բնակիչներն էլ մնացել են առանց աշխատանքի:
Երբ բանվորական ավանը գյուղի կարգավիճակ է ստացել, նախկին բանվորները մնացել են առանց մշակահողերի ու արոտավայրերի. տարածքն արդյունաբերական էր, հողային ռեսուրս չուներ:
«Էլ ի՞նչ գյուղ առանց վարելահողի ու արոտավայրի: Գնա սոված մեռի կամ բռնիր խոպանի ճանապարհը»,- ասում են ջաջուռավանցիները: Նրանցից շատերն էլ հիշում են, որ տարիներ առաջ պետությունն անգամ պաշտոնապես իրենց գյուղին «աղքատ համայնքի կոչում է շնորհել»:
Բնակավայրի վարչական ղեկավար Աշոտ Գրեյանն ասում է՝ չունեն հողատարածքներ, չունեն նաեւ սեփական եկամուտներ, ասել է թե՝ բյուջե չունեն:
«Մինչեւ խոշորացումը եթե անգամ 100 տոկոսով ապահովեինք սեփական եկամուտների հավաքագրումը, կունենայինք 33 հազար դրամ՝ մեկ տարվա համար: Դոտացիան բավարարել է միայն երեք աշխատողի աշխատավարձին: Ինչ էլ եղել է, եղել է բարեգործական ծրագրերով, կոպիտ ասած՝ մուրացել, գյուղ ենք պահել»:
Գրեյանը ցույց է տալիս երկրաշարժի հետեւանքով առաջացած եւ մինչ օրս պահպանվող ավերակների աղբակույտերը, որոնք գյուղից հեռացնելը մեծ գումարներ կարժենային, ինչի հնարավորությունը չեն ունեցել:
Ջաջուռավանի 60 ընտանիքներից 22-ը բնակվում են արդեն քայքայված ժամանակավոր տնակներում: Շատերը բնակարանի գնման վկայագիր են ստացել, ծանոթ-բարեկամի տունը կեղծ առք ու վաճառքի են ենթարկել, գումարները յուրացրել: Արդյունքում ինչպես կային անօթեւան, այնպես էլ մնացել են:
Տնակաբնակներից ոմանք էլ հայրական տունը զիջել են փոքր եղբորը, տեղափոխվել տնակ: Ջաջուռավանի բնակիչ Հայկ Գեւորգյանն ասում է՝ 10 հոգով մեկ տանն էին ապրում: Ընտանիքի հետ առանձնացել է: «Հիմա տնակս էլ ինձ պես ուժասպառ է եղել: Հույսս չեմ կորցնում, որ մի օր էլ ես տուն կունենամ»:
Գյուղում կապույտ վառելիքի գույնը չեն տեսել, հույս էլ չունեն: Ճանապարհների, խմելու ջրի եւ այլ խնդիրների պակաս նույնպես չկա: Գյուղի չորսամյա դպրոցը գործում է տնակի կանաչ ներկված հատվածում: 56 քառակուսի մետր տարածքը երեք մասի են բաժանել, 18 քառակուսի մետրում միավորված դասերն են անում: Առաջինից չորրորդ դասարանցիները կողք կողքի են նստում, դասերն էլ գյուղի միակ ուսուցիչն է վարում: Դպրոցի աշխատանքային համակազմը չորսհոգանոց է. տնօրեն, դասվար, հաշվապահ եւ հավաքարար:
Դպրոցը հիմնահատակ քանդվել էր երկրաշարժից: Դպրոցի նախկին տնօրենն իր ուժերով տնակ է տեղադրել, որ դասերը չդադարեն: Պետությունը ոչ միայն նորը չի կառուցել, այլեւ որոշել է տեղադրված տնակն էլ հանել եւ երեխաներին ուղարկել հարեւան գյուղեր: Ասում են՝ դպրոց ունենալու հոգսը պետության փոխարեն իրենք են հոգացել: Բարեգործների միջոցով տնակի կտուրն ու հատակն են փոխել, ներքին հարդարում արել:
2017 թվականին առաջին խոշորացման արդյունքում, երբ մտել են Մարմաշեն համայնքի կազմ, նույն տարում վերանորոգվել է էլեկտրական համակարգն, ու դպրոցի նավթավառները փոխարինվել են էլեկտրական ջեռուցիչներով: Սակայն ասել, որ այժմ դպրոցը լավ վիճակում է, չափազանցություն կլինի: Պայմանականորեն սանհանգույց կոչվող տարածքը դրսում է: Երեխաները լվացվում են խորհրդային ժամանակներից մնացած չուգունե այս լվացարաններում:
Շիրակի մարզպետարանի կրթության վարչությունից տեղեկացնում են, որ Ջաջուռավանի դպրոցի վերաբերյալ դեռեւս ոչ մի պետական ծրագիր չկա: Դիտարկում են, որ հարմար այլ կառույց լինելու դեպքում տարրական դպրոցը տեղափոխեն քարե պատերի մեջ:
Ջաջուռավանցիները մեզ ճանապարհելիս խնդրում են «վերեւում» նստածներին մի հարց փոխանցել. «Ի՞նչ է նշանակում՝ փոքր ես, մեզ պետք չես: Խիստ վիրավորական է, երբ ասում են՝ այսինչ կառույցը ձեզ մոտ ներդնելը պետությանն օգուտ չէ: Ի՞նչ անենք. որ բոլորս գնանք գյուղերից, բա ո՞վ մնա: Մի՞թե ընտանիքում թույլ երեխային ասում են՝ գնա մեռի՛ր, քեզ պահելը օգուտ չէ»:
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։