Հայաստանի ազգային պատկերասրահի Ալավերդու մասնաճյուղում նոր ցուցահանդես է բացվել։ Բնապատկերներն ու ծաղիկները Լենա Գալստյանը ստեղծել է երեք տարվա ընթացքում։
Համավարակի շրջանում «արթնացած» եւ օրվա զբաղմունք դարձած նկարչությունը կարճ ժամանակ անց պահանջմունքի է վերածվել։ Եվ վրձնի ու կտավի հետ երբեւէ չառնչված վաթսունչորսամյա կինը սկսել է ստեղծագործել։
«Գնում էի ֆրանսերենի, սպորտի։ Պանդեմիայի ժամանակ, երբ ամեն ինչ փակվեց ու մնալու էի տանը, չէի շփվելու մարդկանց հետ, որոշեցի ինչ-որ բանով զբաղվել։ Սկսեցի նկարել։ Իհարկե նկարները սկզբում մի քիչ պրիմիտիվ էին»,- պատմում է Լենա Գալստյանը:
Ցուցահանդեսը ոչ թե հանրությանը որպես ստեղծագործող ներկայանալու, այլ ավելի շատ մանկություն եւ պատանեկություն վերադառնալու, ընկերներին հանդիպելու լավ առիթ էր։
Լենա Գալստյանն Ալավերդիում է ծնվել։ Երեւանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետն ավարտելուց հետո ծննդավայրում ուսուցիչ է եղել, ապա ընտանիք կազմել, տեղափոխվել Երեւան, աշխատել Հայաստանի ազգային գրադարանում, որտեղից էլ թոշակի է անցել։
«Կյանքը շարունակվում է, ամեն տարիքում կարելի է մի նոր գործ սկսել։ Ավելի լավ է ուշ, քան թե ուշացած,- ասում է սկսնակ ստեղծագործողը։
Նա շարունակելու է նկարել, երկրորդ ցուցահանդեսն էլ ուզում է Գյումրիում բացել։ «Իմ հոգին էնտեղ էլ ա․ մայրս գյումրեցի է։ Ես էլ շատ եմ սիրում Գյումրին»։
Մասնագիտությամբ լրագրող եմ։ 15-ամյա աշխատանքային գործունեությանս մեծ մասն անցել է հեռուստատեսության ոլորտում՝ Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունում։