ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից հայտնել են, որ Սեւանա լճի մակարդակը նախորդ տարվա հունիսի 26-ի դրությամբ ցածր է մնում 6 սանտիմետրով։
2022-ի հունիսի 26-ին Սեւանա լիճը ծովի մակերեւույթից եղել է 1900 մետր 75 սանտիմետր բարձրության վրա՝ նախորդ տարվա 1900 մետր 81 սանտիմետր նիշի դիմաց։
Նույն աղբյուրի տվյալներով՝ այս տարվա հունիսին Սեւանա լճից ոռոգման նպատակներով բաց է թողնվել 33 միլիոն 144 հազար խորանարդ մետր ջուր։ Իսկ 2022-ի հունվարից մինչեւ հունիսի 26-ը Արփա-Սեւան թունելային ջրատարով, ներառյալ ստորերկրյա հոսքը, Սեւանա լիճ է տեղափոխվել 142 միլիոն 222 հազար խորանարդ մետր ջուր։
Սեւանա լիճ թափվող գետերում դիտվել է ջրի ելքերի մեծացում։