Ըստ «Ալիք Մեդիա Վրաստան»-ի՝ Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության եւ գյուղատնտեսության նախարար Օթար Շամուգիան հայտնել է, որ Վրաստանի կառավարությունը 2022-ի հուլիսի 4-ից մինչեւ 2023-ի հուլիսի 4-ն արգելելու է ցորենի եւ գարու արտահանումը։ Այս փուլում սահմանափակումները չեն տարածվում եգիպտացորենի արտահանման վրա։
Հաշվի առնելով տարածաշրջանում ստեղծված իրավիճակը՝ նախարարը նշել է, որ պարենային անվտանգության ապահովման համար կարեւոր է տեղական արտադրության ցորենն ու գարին վաճառել միայն ներքին շուկայում։
Թեեւ Վրաստանն ամբողջությամբ կախված է ցորենի ներմուծումից (տարեկան 500 հազար տոննա) եւ չի կարողանում արտահանում իրականացնել քիչ արտադրանքի պատճառով, սակայն, ըստ Շամուգիայի, ներկա իրավիճակում վտանգ կա, որ երկրից որոշակի քանակությամբ ցորեն կարտահանվի։
Նախարարը նշել է, որ վրացական գարին արտահանվում է Իրաք եւ Իրան։ Անասնաբուծության, թռչնաբուծության եւ խոզաբուծության ոլորտում պարենային ռեսուրսը` գարին, կարեւոր է, որ այս փուլում վաճառվի միայն տեղական շուկայում: Այս տարի գարու կանխատեսվող բերքը 60 հազար տոննայի սահմաններում է։ Ներկայում արդեն արտահանվել է ավելի քան 2,5 հազար տոննա գարի։