Կիրակի հորդառատ անձրեւների պատճառով Լարսի անցակետի փակվելն իսկական իրարանցում է առաջացրել Հայաստանում։ Արդեն սկսվել է Ռուսաստան գյուղմթերքի արտահանման սեզոնը, եւ մտավախություն կա, որ ապրանքը, երկար մնալով մեքենաներում, կարող է պարզապես փչանալ։
Լարսի անցակետի անցանելիության մասին տեղեկությունները հակասական են. սկզբում վրացական կողմը հայտարարեց, թե ճանապարհի վերականգնման համար 7-10 օր կպահանջվի, սակայն արդեն երեկոյան ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը տեղեկացրեց՝ անցակետը գործում է։ Երեկ պարզ դարձավ, որ անցակետը բաց է Վրաստանի կողմից, իսկ ՌԴ-ից եկող մեքենաները դեռ չեն կարող անցնել։ Վրացական կողմում կուտակված մոտ 200-250 բեռնատար կա։ Բայց պարզ չէ՝ ամեն րոպե ինչ նոր տհաճ անակնկալ կարող է լինել, եւ արդյոք ճանապարհն անցանելի կլինի բեռնատարների համար։
Ռուս-վրացական սահմանին տեղակայված Լարսի անցակետը Հայաստանը Ռուսաստանի եւ Եվրոպայի հետ կապող ցամաքային միակ ճանապարհն է, որը, սակայն, միշտ չէ, որ գործում է լիարժեք։ Տարվա ընթացքում եղանակային պայմանների կամ արտակարգ պատահարների պատճառով Լարսի անցակետը պարբերաբար փակվում է։ Վերջին նման դեպքը մայիսին էր։ Չնայած այս ողջ անհարմարություններին՝ այս ճանապարհը չունի այլընտրանք:
Հայաստանի ցամաքային մյուս ճանապարհը, որ անցնում է Իրանով, ձեռնտու չէ ՌԴ բեռների փոխադրման համար. այդպես ճանապարհը երկարում է, ծախսը՝ ավելանում:
Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառության մոտ 20-25 տոկոսն իրականացվում է ավտոմոբիլային տրանսպորտով։ Երկրորդ տեղում երկաթուղային տրանսպորտն է, երրորդ տեղում՝ օդայինը։
Ըստ Վիճակագրական կոմիտեի՝ 2021 թվականի ընթացքում ավտոմոբիլային եղանակով արտահանվել է 884.1 հազար տոննա, ներկրվել՝ 3 033.2 հազար տոննա բեռ։ Այստեղ, իհարկե, ներառված են ցամաքային մյուս ճանապարհով՝ Իրանով իրականացվող առեւտրաշրջանառության ցուցանիշները։ Սակայն թեեւ Իրանը Հայաստանի անմիջական հարեւանն է, հայ-իրանական առեւտրատնտեսական հարաբերություններն ակտիվ չեն։ Ըստ վիճակագրական կոմիտեի՝ Իրանի հետ առեւտուրը 2021-ին կազմել է Հայաստանի ընդհանուր առեւտրաշրջանառության 6 տոկոսը, նախորդ տարի 5.6 տոկոսն էր։
Հայաստանի ամենամեծ տնտեսական գործընկեր երկիրը շարունակում է մնալ Ռուսաստանը։ Ավելին՝ Ռուսաստանի հետ միեւնույն տնտեսական համակարգում ենք. խոսքը ԵԱՏՄ-ի մասին է։ Պաշտոնական վիճակագրությամբ՝ 2021-ի ընթացքում ՌԴ-ին բաժին է ընկել Հայաստանի ընդհանուր առեւտրաշրջանառության 31.4 տոկոսը, նախորդ տարի՝ 30.6 տոկոսը։ Ընդհանրապես, ԵԱՏՄ անդամ երկրների հետ առեւտրաշրջանառությունը կազմել է ընդհանուր առեւտրի 32.7 տոկոսը, ԵՄ երկրների հետ՝ 23.4 տոկոսը։
Ու փաստորեն ստացվում է՝ Հայաստանն իր կամքից անկախ պարբերաբար հայտնվում է լրջագույն դժվարությունների առաջ։
Լարսում ստեղծված իրավիճակը եւս մեկ անգամ եկավ հիմնավորելու Հայաստանի համար այլընտրանքային ճանապարհների, ըստ այդմ՝ տարածաշրջանում տրանսպորտային ուղիների ապաշրջափակման անհրաժեշտությունը:
Ի վերջո նորմալ չէ, երբ Հայաստանն իր հիմնական տնտեսական գործընկեր պետությունների հետ կապող միայն մեկ ցամաքային ճանապարհ ունի, այն էլ այդ ճանապարհը տարվա ընթացքում տեւական ժամանակ փակ է եղանակի պատճառով:
Լրագրող եմ, բանասիրական գիտությունների թեկնածու, լրագրության դասախոս: Գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին: Հետաքրքրություններիս շրջանակում՝ քաղաքագիտություն, փիլիսոփայություն, պատմություն: Ափսոսում եմ, որ միաժամանակ նկարչական պրոֆեսիոնալ կրթություն չեմ ստացել: