Հայաստանի ԱԳՆ-ից հայտնել են, որ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հունիսի 28-ին հեռախոսազրույց է ունեցել Կանադայի իր գործընկերոջ՝ Մելանի Ժոլիի հետ:
Միրզոյանը զրուցակցին ներկայացրել է նաեւ Հարավային Կովկասում տիրող իրավիճակն ու ընթացիկ զարգացումները, ինչպես նաեւ առկա անվտանգային մարտահրավերները: Նա անդրադարձել է նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորմանը, ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին՝ այս համատեքստում կարեւորելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը:
Արարատ Միրզոյանն ու Մելանի Ժոլին գոհունակությամբ են արձանագրել երկու երկրների միջեւ տարբեր ոլորտներում արդյունավետ համագործակցությունը եւ ընդգծել հայ-կանադական հարաբերությունների հետագա խորացման ուղղությամբ ջանքեր գործադրելու փոխադարձ հանձնառությունը:
Նախարար Միրզոյանը ողջունել է Եվրոպայում եւ ԵՄ-ում Կանադայի հատուկ բանագնաց Ստեֆան Դիոնի՝ «Աջակցություն հայկական ժողովրդավարությանը» խորագրով զեկույցը, որը կարեւոր դրույթներ է պարունակում հայ-կանադական հարաբերությունների զարգացման նոր հնարավորությունների նախանշման առումով: