Ըստ բժշկական Medical Xpress-ի` Պորտուգալիայի գիտնականները չափել են կապկի ծաղիկի վիրուսի մուտացիաների արագությունը: Առողջության ազգային ինստիտուտի եւ Լուսոֆոնի համալսարանի հետազոտողներն անցկացրել են վիրուսի գենետիկ ուսումնասիրություն, որի նմուշները վերցվել են 15 հիվանդից:
Գիտնականները հայտնաբերել են, որ վիրուսը մուտացիայի է ենթարկվել 6-12 անգամ ավելի մեծ արագությամբ, քան սպասվում էր: Հետազոտողների կարծիքով վիրուսի մուտացիայի արագության անսպասելի մեծացումը կարող է նշան լինել, որ վիրուսը մշակել է մարդկանց վարակելու նոր եղանակ։
Ներկայում կարծում են, որ վիրուսը մարդուց մարդուն է փոխանցվում բաց ախտահարումներով սերտ շփման դեպքում՝ օրգանիզմի հեղուկի միջոցով կամ օդակաթիլային ճանապարհով: Նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ վիրուսները, որոնք նման են կապկի ծաղիկին, սովորաբար մուտացիայի են ենթարկվում տարեկան մեկ կամ երկու անգամ:
Գիտնականների տեսանկյունից՝ մուտացիաներից մի քանիսը թերեւս պայմանավորված են մարդու իմունային համակարգի ներգործությամբ։ Մասնավորապես խոսքը վիրուսները սպանող APOBEC3 տեսակի ֆերմենտների մասին է։ Դրանք, ըստ հետազոտողների, գենետիկ կոդի պատճենման դեպքում սխալներ են առաջ բերում: