ՀՀ կենտրոնական բանկից հիշեցնում են, որ հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնելու «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքը (այսուհետ՝ Օրենք): Օրենքի համաձայն՝ 2022-ի հուլիսի 1-ից Հայաստանի Հանրապետության տարածքում 300 հազար ՀՀ դրամը գերազանցող օրենքով սահմանված գործարքները պետք է իրականացվեն անկանխիկ եղանակով:
Ընդ որում՝ առանձին գործարքների, օրինակ՝ կրթաթոշակների, պետական գնումների, բժշկական, կրթական, նոտարական, փաստաբանական, այդ թվում՝ խորհրդատվական ծառայությունների դիմաց կատարվող վճարների մասով սահմանվել է դրանք ամբողջությամբ անկանխիկ իրականացնելու պահանջ։ Անկանխիկ են լինելու նաեւ աշխատավարձերը, բանկերի, վարկային կազմակերպությունների տրամադրվող վարկերը եւ փոխառությունները:
Տրամադրված փոխառությունների մարումը, ապահովագրական հատուցումները եւս կատարվելու են անկանխիկ եղանակով:
ՀՀ տարածքում գործունեություն ծավալող առեւտրային բանկերից երկուսը, մասնավորապես «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ն եւ «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ-ն, ՀՀ կենտրոնական բանկի բաց օֆերտայի եւ բանկերի միջեւ տեղի ունեցած քննարկումների հիման վրա հանձն են առել եւ իրականացրել են համապատասխան մեծածավալ ներդրումներ եւ աշխատանքներ՝ շահառուների մոտ ՀԴՄ սարքերի միջոցով անկանխիկ վճարումներ ընդունելու համակարգի ակտիվացման նպատակով։
ՀՀ կենտրոնական բանկից հավելել են, որ համապատասխան ծառայությունները ստանալու համար կարելի է դիմել նշված բանկեր: Միաժամանակ այն հարկ վճարողները, ովքեր մինչ օրս չեն ունեցել նման հնարավորություն, եւս կարող են օգտվել նշյալ համակարգից հնարավորինս նվազագույն սակագներով: