Ըստ «Արմենպրես»-ի՝ ՀՀ կենտրոնական բանկից www.gpw.pl հայտնել են, որ Երեւանում հունիսի 28-ին ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը եւ Վարշավայի ֆոնդային բորսայի (ՎՖԲ) կառավարող խորհրդի նախագահ Մարեկ Դիետլը ստորագրել են Հայաստանի ֆոնդային բորսայի (ՀՖԲ) բաժնետոմսերի հսկիչ փաթեթի վաճառքի վերաբերյալ պայմանագիրը:
Վարշավայի ֆոնդային բորսայի (ՎՖԲ) կառավարող խորհրդի նախագահ Մարեկ Դիետլը նշել է, որ այս ներդրումը դիտարկում են իբրեւ երկարաժամկետ եւ ռազմավարական գործընկերություն։ Դրա նպատակն է համատեղ ջանքերով զարգացնել Հայաստանի կապիտալի շուկան եւ մեր բիզնեսը տարածաշրջանում:
«Մենք նաեւ ակնկալում ենք զարգացնել կապիտալի շուկայի ենթակառուցվածքները, ինչը բիզնեսին հնարավորություն կընձեռի ներգրավելու կայուն եւ մատչելի կապիտալ, իսկ հասարակությանը՝ ավելի մասնագիտացված կերպով կառավարելու խնայողությունները եւ ներդրումները»,– ասել է Դիետլը:
Շրջադարձային գործարք Հայաստանի կապիտալի շուկայի պատմության մեջ
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը համոզմունք է հայտնել, որ սա կարեւոր փուլ է Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման առումով: Նա հավելել է, որ Վարշավայի ֆոնդային բորսայի նման գործընկեր գտնելով ու գիտակցելով, որ ունենք նույն տեսլականը՝ մենք կարծում ենք, որ այս գործարքը շրջադարձային կարող է լինել Հայաստանի կապիտալի շուկայի պատմության մեջ:
«Օգտագործելով Վարշավայի ֆոնդային բորսայի փորձն ու գիտելիքները՝ ՀՖԲ-ն ունի ընդլայնվելու եւ հզոր ֆոնդային շուկա դառնալու լիարժեք ներուժ, որն ունակ կլինի դիմագրավելու 21-րդ դարի մարտահրավերներին»,– շեշտել է ԿԲ նախագահը:
ՀՀ ԿԲ-ից հիշեցնում են, որ ՎՖԲ-ի կողմից ՀՖԲ ձեռքբերման մտադրության մասին հայտարարվել էր դեռեւս 2020-ի սեպտեմբերի 18-ին, որից հետո իրականացվել են անհրաժեշտ ուսումնասիրությունները, մշակվել է առաջիկա 5 տարվա զարգացման ծրագիր, եւ իրականացվել են անհրաժեշտ կորպորատիվ հաստատումները։ Ի վերջո, մայիսի 24-ի նիստում ՀՀ ԿԲ խորհուրդը համաձայնություն է տվել գործարքի իրականացմանը։
Գործարքի արժեքը շուրջ 873 միլիոն ՀՀ դրամ է
Ըստ այդմ՝ ՎՖԲ-ն ձեռք է բերում ՀՖԲ բաժնետոմսերի 65,03%-ը (967 հատ բաժնետոմս), ՀՀ ԿԲ-ն կպահպանի 25,02% մասնակցություն, մնացած 9.95%-ը ՀՖԲ սեփական բաժնետոմսերն են։ Գործարքի արժեքը շուրջ 873 միլիոն ՀՀ դրամ է, որի մի մասը՝ մոտ 499 միլիոն ՀՀ դրամ, կվճարվի Բաժնետոմսերի գնման համաձայնության ստորագրումից հետո, իսկ մնացած մասը՝ Բաժնետոմսերի գնման համաձայնությամբ նախատեսված գործընթացների ավարտից հետո։
ՀՖԲ-ն Հայաստանում գործող արժեթղթերի կարգավորվող շուկայի միակ օպերատորն է
Նշվում է, որ ՎՖԲ-ն կազմակերպում է առեւտուր բաժնետոմսերով, պարտատոմսերով, ածանցյալ գործիքներով, ֆոնդերի բաժնետոմսերով եւ այլ գործիքներով։ Այն Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի ամենամեծ շուկաներից է: 2022 -ի մայիսի վերջի դրությամբ ցուցակված 376 տեղական ընկերությունների շուկայական կապիտալիզացիան կազմել է 585,8 միլիարդ զլոտի (128 միլիարդ եվրո), իսկ 421 տեղական եւ արտասահմանյան ցուցակված ընկերությունների ընդհանուր շուկայական կապիտալիզացիան՝ 1,165.2 միլիարդ զլոտի (254,6 միլիարդ եվրո)։
ՀՖԲ-ն Հայաստանում գործող արժեթղթերի կարգավորվող շուկայի միակ օպերատորն է, որն առաջարկում է բորսայական ծառայությունների ամբողջական փաթեթ՝ ցուցակման, առեւտրի, քլիրինգային եւ տեղեկատվական ծառայություններ, այլընտրանքային բորսայական լուծումներ։ Ներկայումս ՀՖԲ-ում ցուցակված է 28 ընկերություն: