Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան Day.az-ին տված հարցազրույցում ասել է, որ Ադրբեջանի, Թուրքիայի եւ Թուրքմենստանի տնտեսական փոխգործակցությունը բարձր մակարդակի վրա է, որը կարող է նպաստել տարածաշրջանի պատկերի փոփոխմանը: Մասնավոր սեկտորի հետաքրքրությունը մեծ է Կասպից ծովի կենտրոնի «Դոստլուղ» նավթագազային հանքավայրի նկատմամբ:
Մեթյու Բրայզան ընդգծել է, որ «Դոստլուղ»-ի բնական գազը կարելի է օգտագործել Ադրբեջանի սրընթաց զարգացող նավթաքիմիական արդյունաբերության մեջ, միաժամանակ դա իր հերթին կարող է նպաստել Թուրքիա եւ Եվրոպայի երկրներ արտահանվող գազի ծավալների աճին:
Նախկին դեսպանի կարծիքով՝ նպատակահարմար կլինի նավթաքիմիական արդյունաբանական գոտին ստեղծել Նախիջեւանում, որի համար հումք կարող է ծառայել թուրքմենական բնական գազը եւ որում, վերջին հաշվով, կարելի է ներգրավել Հայաստանին եւ Թուրքիային:
Հիշեցնենք, որ Անկարայում Ադրբեջանի, Թուրքիայի եւ Թուրքմենստանի ԱԳ նախարարների միջեւ տեղի ունեցած եռակող հանդիպումից առաջ Ադրբեջանը եւ Թուրքմենստանը կնքել են ծովային «Դոստլուղ» նավթագազային հանքավայրի համատեղ շահագործման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր, որի համաձայն հանքավայրի ածխաջրածնային պաշարները բաշխվում են՝ 30%-ն՝Ադրբեջանին, 70%-ը՝ Թուրքմենստանին համամասնությամբ: