Ըստ «Ալիք Մեդիա Վրաստան»-ի՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) 20 անդամներ համատեղ հայտարարություն են տարածել Վրաստանի երրորդ նախագահ, ներկայում անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակի վերաբերյալ։
ԵԽԽՎ անդամները մտահոգություն են հայտնել Վրաստանի եւ Ուկրաինայի հանրային պաշտպանի հանձնարարականների չկատարվելու առիթով: Ըստ նրանց՝ մի քանի անկախ բժիշկներ Սաակաշվիլիի բանտարկվելուց հետո հաստատել են մի շարք հիվանդություններ եւ ծանր նյարդաբանական պայմաններ:
ԵԽԽՎ անդամների տեսանկյունից՝ Սաակաշվիլիին շտապ անհրաժեշտ է տեղափոխել ժամանակակից կլինիկա եւ բուժել հանգիստ միջավայրում։ Ըստ նրանց՝ այս ցուցումները չկատարելը կարող է հանգեցնել բազմաթիվ առողջական խնդիրների եւ մահվան:
Սաակաշվիլիի առողջության վերաբերյալ մտահոգություններ է հայտնել նաեւ «Amnesty International» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը։
«Վրաստանի կառավարությանը հորդորում ենք անել հնարավոր ամեն ինչ՝ Սաակաշվիլիի առողջական վիճակը կայունացնելու համար»,- ասված է ԵԽԽՎ անդամների տարածած հայտարարության մեջ։
Ըստ նրանց՝ կարեւոր է, որ բուժումն իրականացվի նման դեպքերի կառավարման փորձ ունեցող, Եվրոպայում մասնագիտացված կլինիկայում։
ԵԽԽՎ անդամներն ընդգծել են, որ սա առաջին հերթին մարդասիրական խնդիր է։
Միեւնույն ժամանակ ԵԽԽՎ անդամները մտահոգություն են հայտնել վրացական ժողովրդավարության կայունությամբ եւ մտավախություն հայտնել, որ հասարակության մեջ առանց այն էլ խոր ճեղքվածքը կարող է՛լ ավելի խորանալ։