Արտակն ու Ծաղիկն իրենց անչափահաս երկու երեխաների հետ Դսեղի նորակառույց տներից մեկում են ապրում։ Պատերազմից հետո «Հայաստանի մանուկներ» հիմնադրամն է նրանց կացարանով ապահովել։ Այն գեղեցիկ շինություն է, որ կարծես թաքցնում է իր տերերի խաթարված ճակատագիրը։ Տանն էլ կենցաղում անհրաժեշտ ամեն ինչ կա, բայց դա չի փարատում նրանց տխրությունն ու անորոշ սպասումը։
Ծաղիկը 23 տարեկան է։ Արցախում վերաբնակեցված նրա ծնողներն առաջին պատերազմի տարիներին վեց երեխաների հետ Մարտակերտից եկել են Հայաստան՝ Վանաձոր։ Ծաղիկն ու քույրն այստեղ են ծնվել, իսկ 2000-ականներին նրանց ընտանիքը նորից տեղափոխվել է Արցախ՝ այս անգամ արդեն Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր գյուղ։
Քառասունչորսօրյա պատերազմից հետո նորից բռնել են հետդարձի ճամփան։ Այս անգամ, սակայն, այլ կազմով։ 2020-ի հոկտեմբերին Ծաղիկը մոր եւ ամուսնու հետ է դուրս եկել Իշխանաձորից։ Մի քանի ամիս Գորիսում են ապրել, հետո՝ տեղափոխվել Դսեղ․ մայրը Դսեղ գյուղից է։
Շատերի նման տանն են թողել ամեն ինչ։ Եվ չնայած վերահաս արհավիրքին՝ վստահ են եղել, որ վերադառնալու են։ Այսօր արդեն այդ թողած-կորցրածը ոչինչ է հոր եւ եղբոր բացակայության համեմատ։ Մինչեւ հիմա նրանցից լուր չունեն։
«Պապաս գյուղից ընդհանրապես դուրս չի էկել։ Ինչքան խնդրում էինք, ասում էինք, որ արդեն էդտեղ են դրանք, չէր լսում մեզ։ Շատ ենք փորձել, որ գնանք, բերենք, չի էկել։ Վերջին անգամ հոկտեմբերի 20-ին ենք խոսել, դրանից հետո արդեն անհասանելի էր։ Ախպերս էլ Վայքի դիպուկահարներից էր, ինքը Հայաստանից ա պատերազմ էկել։ Հոկտեմբերի վերջին էլ ախպորս հետ կապն ա կորել։ Մեխակավանում են էղել, իրա հետ գնացածները սաղ հետ են էկել, ինչքան փորձում ենք բան իմանալ, կոնկրետ չեն խոսում։ Մեկն ասում ա՝ խփվել ա, մեկն էլ ասում ա՝ փախել ա»,- պատմում է Ծաղիկ Սաքանյանը։
Եղբոր՝ 43-ամյա Արարատ Սաքանյանի անունը որպես գերի շրջանառվել է համացանցում, բայց հետո Ադրբեջանը չի հաստատել այդ փաստը։ Ամեն տեղ դիմել են, անգամ ԴՆԹ թեստ հանձնել, մինչեւ այսօր էլ դռներ են թակում։ Բայց ոչ մի պատասխան, ոչ մի արդյունք։ Հոր՝ 67-ամյա Սերյոժա Սաքանյանի մասին տեղեկություններն էլ են համացանցից իմացել։
«Մամայենք էին ճանաչել, մի տեսանյութում ականջներն էին կտրում, բայց ես չեմ նմանեցնում, որ պապաս ա»,- պատմում է Ծաղիկը։
Բայց պաշտոնական ոչ մի մեկնաբանություն եւ ոչ մի պարզաբանում։ Ծաղիկի մայրը չի դադարում ամուսնուն եւ որդուն փնտրելուց։ Դսեղ մեր այցելության պահին էլ ասացին՝ Արցախի ճանապարհին է։
Արցախից իրենց հետ բերած ցավի եւ ծանր անորոշության մեջ փորձում են Դսեղում նոր կյանք սկսել։ Բայց գործը կարծես դժվար է առաջ գնում։
«Էնտեղ ամեն ինչ լավ էր»,- ասում է Ծաղիկը։ Իսկ այդ «ամեն ինչն» առաջին հերթին լավ կենսապայմաններն էին, հազարավոր մետրերով հողատարածքները, որ մշակում, ապրուստ էին ստեղծում ու վարձ չէին տալիս։
Իսկ այստեղ ունեցածը փոքրիկ տնամերձն է։ Ցանել են՝ ամեն ինչից քիչ-քիչ, բայց միայն հունիսին չորս անգամ կարկուտ է եկել, եւ բոլոր սածիլները վնասվել են։
«Էնտեղ ամեն քայլափոխի կարողացել ենք գումար ստեղծել։ Տարածք էլ չկա, որ գոնե գարի, ցորեն մշակենք։ Ասում են՝ սաղ վարձակալած ա, ազատ տարածք չկա։ Գոնե հազար մետր հող լինի, մենակ նպաստով հնարավոր չէ ապրել»,- ասում է Ծաղիկի ամուսինը՝ Արտակ Ասոյանը։
Մինչեւ պատերազմը Իշխանաձորի վարչակազմում նա որպես վարորդ է աշխատել, հետո՝ տեսուչ ջրմուղում։ Զուգահեռ նաեւ դաշտավարությամբ եւ անասնապահությամբ է զբաղվել։ Պատերազմում վիրավորված Արտակն ասում է՝ այս ընթացքում միայն շինարարության մեջ է ձախողել, թեւի վիրավորման պատճառով։
Արտակի եւ Ծաղիկի նորաստեղծ ընտանիքն ապրում է 3-ամյա տղայի 14,5 հազար դրամ նպաստով։ Փոքր երեխան երկու ամսական է, նրա համար պետությունից աջակցություն նոր են ստանալու։ Ծաղիկի մայրն էլ չի աշխատում, իսկ կենսաթոշակի անցնելու դեռ ժամանակ կա։
Պետության տրամադրելիք ամսական 20 հազար դրամ աջակցությանն արդեն յոթ ամիս է՝ սպասում են։ Ընդհանուր երկու ամսվա գումար ունեն ստանալու։
«Էնքան տարբեր ծրագրերից են էկել, համարներ են թողել, արդեն չգիտենք, թե որը ով է։ Ամեն շաբաթ մեկը գալիս ա, ասում՝ գոմ կսարքեմ, մյուսն ասում ա՝ կով կտամ կամ ընտանի կենդանիներ։ Հույսով են անում, գնում»,- ժպիտը դեմքին պատմում է Արտակը։
Նրան շարունակելով՝ Ծաղիկն ասում է, որ աջակցության մի ծրագրով մատնահարդարման հմտություններ է սովորել եւ ունի անհրաժեշտ բոլոր սարքավորումները։ Մնում է՝ իր համար անծանոթ Դսեղում հաճախորդներ գտնի։
Իսկ 25-ամյա Արտակ Ասոյանը ընտանիքը պահելու համար ինչ-որ բան ձեռնարկելուց առաջ պետք է նաեւ իր հաշվառման հարցը լուծի։ Նա ծնվել է Գորիսում, ՀՀ քաղաքացի է։ Բայց Դսեղում արդեն մշտական բնակություն հաստատած երիտասարդը հաշվառված է Իշխանաձորում։
Հիշում է՝ նախորդ տարի բանկերից մեկում գործարքի նպատակով աշխատակիցը վերցրել է անձնագիրն ու ծիծաղելով ասել՝ դուք Ադրբեջանի քաղաքացի եք, հնարավոր չէ ձեզ վարկ տրամադրել։
Արցախի իշխանություններից էլ չի կարողացել փոխհատուցում ստանալ Իշխանաձորում մնացած մեքենայի եւ չորս հազար մետր սոխի դաշտի համար։ Ասել են՝ մեքենան քո անունով չէ, իսկ դաշտի համար փոխհատուցումը մեկ հեկտարից է սկսվում։
Մասնագիտությամբ լրագրող եմ։ 15-ամյա աշխատանքային գործունեությանս մեծ մասն անցել է հեռուստատեսության ոլորտում՝ Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունում։