Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում տեղի ունեցած մամուլի ասուլի ժամանակ Կանադայի արտգործնախարար Մելանի Ժոլին հայտարարել է Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայում ու Կովկասում երկրի դիվանագիտական ներկայության եւ հնարավորությունների ընդլայնման մասին:
Կանադայի արտգործնախարարը նշել է, որ դիվանագիտությունն անվտանգություն ու կայունություն ապահովելու, ինչպես նաեւ մարտահրավերներին աշխարհաքաղաքական խոր տեղաշարժերի պայմաններում արձագանքելու հարցում ամենաարդյունավետ միջոցն է:
Նա հավելել է, որ Կանադայի ներկա գրասենյակները դաշնակից Էստոնիայում, Լիտվայում եւ Սլովակիայում վերափոխում են լիակատար դեսպանատների՝ մշտական լիազոր դեսպաններով, եւ Լատվիայում դեսպանատան միջոցով ուժեղացնում են Կանադայի ներկայությունը:
Ըստ Մելանի Ժոլիի՝ այս փոփոխություններն էլ ավելի կուժեղացնեն Կանադայի ներգրավվածությունը տարածաշրջանում, կօգնեն դիմակայելու Ռուսաստանի ապակայունացնող գործողություններին:
Անվտանգության սպառնալիքներին արձագանքելու միտումով
Կանադայի արտգործնախարարը նշել է, որ հետեւելով ԵՄ-ում եւ Եվրոպայում Կանադայի հատուկ բանագնաց եւ Գերմանիայում դեսպան Ստեֆան Դիոնի առաքելությանը եւ հայկական ժողովրդավարությանը Կանադայի աջակցությունն ավելացնելու վերաբերյալ նրա զեկույցին՝ Կանադան դեսպանություն կբացի նաեւ Հայաստանում եւ դեսպան կնշանակի:
Ըստ Կանադայի գլխավոր դիվանագետի՝ դա հնարավորություն կտա ամրապնդելու երկկողմ կապերը եւ մեծացնելու Կանադայի աջակցությունը հայկական ժողովրդավարությանը:
«Այս դիվանագիտական ընդլայնումը կօգնի Կանադային արձագանքելու առաջացած անվտանգության սպառնալիքներին, ամրապնդելու քաղաքական եւ տնտեսական համագործակցությունը եւ աջակցելու Հայաստանին իր ժողովրդավարական զարգացման գործում»,- ընդգծել է Կանադայի արտգործնախարարը: