Ըստ Sputnik գործակալության՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը հայտնել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան զանգահարել է իրեն՝ առաջարկելով քաղաքական ստեղծված իրավիճակի հանգուցալուծման նպատակով քննարկել նախօրեին իր արած եւ այլ առաջարկներ։
Մարուքյանը նշել է, որ պայմանավորվածություն ձեռք բերելու դեպքում արտահերթ ընտրությունները պիտի անցկացվեն անհետաձգելի կարգով։
Նա վերահաստատել է, որ ապացույցներ է պահանջում Փաշինյանից այն հայտարարության վերաբերյալ, ըստ որի ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը կատարել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանը։
Հիշեցնենք` մարտի 1-ին Մարուքյանը հայտարարել էր, որ պատրաստ է ցանկացած զիջման, եթե Փաշինյանը համաձայնի ցրել խորհրդարանը, խմբակցության անունից խոստանալով, որ «Լուսավոր Հայաստանը» կստորագրի հուշագիր այլ թեկնածու չառաջադրելու մասին: