Մի ընտանիքի պատմություն. «Ես չեմ կարող տղայիս գերեզմանից հեռու ապրել»

Անի Գեւորգյան
Abaghyan family

Հադրութի Նորաշեն գյուղում ապրող մայոր Արայիկ Աբաղյանը 2020 թվականի օգոստոսի 21-ին նշում էր իր 33-ամյակը: Երկու ամիս անց նա զոհվում է պատերազմում, իսկ նրա ընտանիքն ընդմիշտ հեռանում է հայրենի գյուղից եւ սփռվում տարբեր բնակավայրերով:

Արայիկի ծնողներն այժմ ապրում են Մասիսում, կինն ու երեխաները՝ Ստեփանակերտում: Ստեփանակերտում են ապրում նաեւ նրա քույրն ու եղբայրը: Մյուս եղբայրը տեղափոխվել է ՌԴ` ապրուստի միջոց գտնելու այնտեղ:

«Պատերազմի հենց սկիզբն էր, մեզ հրամայեցին գյուղից շտապ դուրս գալ: Նորաշենից գնացի Մեծ Թաղեր: Հետո մեզ այնտեղից էլ հանեցին, ասացին` այստեղ էլ է վտանգավոր: Գնացինք Սիսիան: Այդ ընթացքում ամուսինս գյուղապետի հետ մարդկանց էր հանում գյուղից»,- պատմում է Արայիկի մայրը` Ժաննա Աբաղյանը, որ երկու ամիս առաջ ծանր վիրահատության է ենթարկվել:

Որդուն կորցրած տարեց ամուսիններն այժմ չգիտեն, թե ինչ է իրենց սպասում: «Մենք էլ, մեր էրեխեքն էլ ամեն ինչ կորցրինք: Հիմա նրանք փորձում են գոնե մի կերպ տեղավորվել, մի կերպ ծայրը ծայրին հասցնել, իսկ մենք չենք կարող նրանց մոտ գնալ: Ես չեմ կարող տղայիս գերեզմանից հեռու ապրել»,- ասում է տիկին Ժաննան:

 

Abaghyan familyԱրայիկ Աբաղյանը ծառայում էր Ստեփանակերտի զորամասում, տանկային գումարտակի շտաբի պետ էր:

Abaghyan familyԺաննա Աբաղյան. «Չորս երեխաներիցս մեկը հիմա իմ կողքին չէ: Արայիկը զոհվեց, իսկ նրան գտավ ու բերեց մյուս որդիս,
որ Արցախի ԱԻՆ-ում էր աշխատում ու պատերազմի ժամանակ զոհվածների տեղափոխմամբ էր զբաղվում»:

Abaghyan family«Արայիկիս 12, 10 ու 5 տարեկան երեխաները մնացին առանց հոր:
Մենք մեզ հասանելիք գումարներից հրաժարվեցինք, որ ամբողջը կինն ու երեխաները ստանան, որ կարողանան ապրել»:

Abaghyan familyՆիկոլայ Աբաղյան. «Ես այստեղ դպրոցի պահակ եմ աշխատում: Քիչ գումար է, բայց գոնե գումար է, փորձում եմ կնոջս դեղերի փողը հերիքացնեմ»:

Abaghyan familyՏարեց ամուսիններն այժմ ապրում են բարեկամի տանը: Մինչ այդ մի քանի տուն են փոխել, ի սկզբանե ապրել են վարձով,
սակայն նրանց գումարը սպառվել է, եւ թոշակառու ամուսիններն այլեւս չեն կարողանում վճարել բնակարանի համար:

Abaghyan familyՆիկոլայ Աբաղյան. «Մեծ ընտանիք ունեինք, մեծ տուն: Հիմա էստեղ դատարկ տանն ապրելը շատ դժվար է»:

Abaghyan family«Այն ժամանակ գիտեինք, որ պետք ենք, հիմա ոնց որ անիմաստ ապրենք»:

Abaghyan familyԺաննա Աբաղյան. «Եռաբլուրում էի՝ տղայիս մոտ, երբ գլխումս ուժեղ ցավ զգացի: Պարզվեց՝ ուղեղի կաթվածի վտանգ կա, շտապ պետք է ստենդ տեղադրվի:
Մեզնից բժիշկները 5 միլիոն դրամ ուզեցին: Վերջը Ստեփանակերտից` առողջապահության նախարարությունից, վճարեցին, ու վիրահատվեցի»:

Abaghyan family«Ամբողջ օրը դեղեր եմ խմում: Դրանք ցավերի վրա չեն ազդում: Գլխացավս չի անցնում, չգիտեմ՝ անցնելու է, թե ոչ:
Ամսական ամենաքիչը 35 հազար դրամ դեղերի ենք տալիս: Ասում են, որ մեկ տարի հետո էլ պետք է վիրահատվեմ, դա էլ չգիտենք, թե ինչպես ենք անելու»:

Abaghyan familyՆիկոլայ Աբաղյան. «Առաջին պատերազմին իմ բեռնատար մեքենաներով զենք էի տեղափոխում,
այս պատերազմին արդեն տարիքս ու առողջությունս այն չէին: Բեռնատարովս երեխաներին էի հանում գյուղից»:

Abaghyan familyԺաննա Աբաղյան. «Այստեղ ինչ օգտագործում ենք, մերը չէ: Մի լաթով էի մեր գյուղից դուրս եկել»:

Abaghyan familyՆիկոլայ Աբաղյան. «Հիմա եթե մեր գյուղում լինեինք, էրեխեքին լցնելու էի բեռնատարիս կուզովը, գնայինք սարեր-ձորեր` ամառը վայելելու»:

Abaghyan familyԺաննա Աբաղյան. «Ամեն ինչն ենք կարոտում: Մեր կյանքը, էրեխեքիս, մարդկանցով լիքը տունս:
Շատ եմ մտածում` ավելի լավ է ինձ մի բան լիներ, բայց տղաս ողջ լիներ»:

Abaghyan familyԺաննա Աբաղյան. «Պատերազմը մեր ընտանիքն ու մեր կյանքը քանդեց: Հույս ունենք, որ մեր էրեխեքի ու թոռների կյանքում դեռ ամեն ինչ լավ կլինի»:

Նման հոդվածներ