ՀՀ ազգային ժողովի պատվիրակության անդամները փետրվարի 24-26-ը հեռավար ձեւաչափով տեղի ունեցած ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանում բարձրաձայնել են Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների վերադարձի արհեստական ձգձգումների, գերիների վերաբերյալ անմարդկային, դաժան վերաբերմունքի վերաբերյալ փաստերը, Ադրբեջանի կողմից եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Խծաբերդի ուղղությամբ ռազմական ագրեսիայի, Ադրբեջանի կողմից ահաբեկիչների ներգրավման, Արցախի կարգավիճակի հարցերը, ընդգծել Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշման հարցի կարեւորությունը:
Միջազգային գործընկերները, մասնավորապես ԵԱՀԿ նախագահող երկրի՝ Շվեդիայի արտգործնախարարը, ելույթ են ունեցել Արցախի հարցով՝ դատապարտելով Ադրբեջանի գործողությունները:
«Թեեւ եռակողմ հայտարարությամբ ռազմական գործողությունները դադարեցվել են, սակայն սա դեռ չի կարելի համարել խնդրի երկարաժամկետ կարգավորում: ԼՂ հակամարտությունը կարելի է համակողմանի կարգավորված համարել այն ժամանակ, երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմատով կքննարկեն բոլոր հարցերը, եւ հենց ԵԱՀԿ Մինսկի խումբը կլինի այն ձեւաչափը, որով կլուծվի հակամարտությունը»,- ասել է Շվեդիայի արտգործնախարարը: