Իսպանական հեղինակավոր El Pais պարբերականի թղթակից Նունո Դոմինգեսն անդրադարձել է Հայաստանում սեպտեմբերին տեղի ունենալիք համաշխարհային Starmus վեցերորդ փառատոնին։
Հեղինակը նշել է, որ փառատոնով նշվում է Մարսի ուսումնասիրության 50-ամյակը։
«Այս աշնանը Հայաստանում կանցկացվի «Starmus»-ի վեցերորդ փառատոնը՝ եզակի միջոցառում, որը համախմբում է տիեզերագնացներին, նոբելյան մրցանակակիրներին եւ ազդեցիկ գիտնականներին երաժշտական տարբեր աստղերի հետ։
Նախկինում մի քանի միջոցառումներ են անցկացվել Կանարյան կղզիներում, եւ կազմակերպիչները հուսով են, որ տարեվերջին հատուկ թողարկում կանցկացվի Լա Պալմայում»,- գրել է նա։
STARMUS փառատոնի շնորհիվ Հայաստանը սեպտեմբերի առաջին տասնօրյակում կդառնա գիտության, տեխնոլոգիաների, արվեստի ու երաժշտության համաշխարհային կենտրոն՝ հյուրընկալելով մեծանուն գիտնականների ու աստղերի։
Ավելի վաղ աշխարհահռչակ ռոք երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը միլիոնից ավելի հետեւորդներ ունեցող իր ինստագրամյան էջում տեղադրած տեսաուղերձում կոչ էր արել միանալու իրեն Երեւանում սեպտեմբերին 5-10-ին անցկացվելիք Starmus VI գիտության եւ արվեստի փառատոնին:
Ենթադրվում է, որ Հայաստանը սեպտեմբերին կհյուրընկալի աշխարհահռչակ տիեզերագնացներ Չարլզ Բոլդենին, Քրիս Հադֆիլդին, Ջեյմս Բաղյանին, Ջորջ Նիլդին, Չառլի Դյուկին, Նոբելյան մրցանակակիրներ Էդվարդ Մոուզերին, Քիփ Թորնին, Էմանուել Շարպենտիեին, գիտնականներ Թոնի Ֆադելին, Բրայան Գրինին եւ Դոննա Սթրիքլենդին, արտիստներ Ռիք Վեյքմանին, Սերժ Թանկյանին, Տիգրան Համասյանին, Անդրեյ Մակարեւիչին, Դերեկ Շերինյանին, Sons of Apollo խմբին, մի շարք այլ միջազգային ճանաչում ունեցող աստղերի ու գիտնականների, ովքեր Հայաստան կայցելեն հատուկ փառատոնին մասնակցելու նպատակով: