Կառավարությունը փոփոխություններ եւ լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ ՀՀ պետական սահմանին մի շարք պետությունների քաղաքացիների ՀՀ մուտքի վիզա ստանալու հնարավորությունը վերականգնելու եւ Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի, Մարոկկոյի, Թունիսի, Ալժիրի եւ Վիետնամի քաղաքացիների համար ՀՀ մուտքի վիզայի ստացումը դյուրացնելու նպատակով։
ՔՈՎԻԴ-19 համավարակով պայմանավորված՝ օտարերկրացիների մուտքը Հայաստան որոշակի չափով սահմանափակելու եւ վերահսկելի դարձնելու նպատակով Կառավարության 2020-ի օգոստոսի 14-ի որոշմամբ կատարված փոփոխության եւ լրացման արդյունքում վերացվել էր ՀՀ պետական սահմանի անցման կետերում ՀՀ մուտքի վիզա ստանալու հնարավորությունը։ Բացառություն էր արված ՀՀ քաղաքացու ընտանիքի անդամ եւ ազգությամբ հայ անձանց համար։ ՔՈՎԻԴ-19 համավարակային իրավիճակի մեղմացման պայմաններում նշված սահմանափակումը պահպանելու անհրաժեշտությունը վերացել է։
21 երկրների քաղաքացիների մուտքի վիզայի հնարավորությունը կվերականգնվի
Որոշմամբ առաջարկվել է ՀՀ մուտքի վիզան միայն հրավերի հիման վրա՝ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում եւ հյուպատոսական հիմնարկներում ստանալու իրավունք ունեցող պետությունների ցանկից հանել Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան, Մարոկկոն, Թունիսը, Ալժիրը եւ Վիետնամը։
Մեկ այլ որոշմամբ էլ առաջարկվել է հստակեցնել այն պետությունների ցանկը, որոնց քաղաքացիները ՀՀ մուտքի վիզա կարող են ստանալ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում եւ հյուպատոսական հիմնարկներում, էլեկտրոնային E-VISA համակարգի միջոցով կամ ՀՀ պետական սահմանին։ Մասնավորապես, առաջարկվել է սահմանել նաեւ ՀՀ մուտքի վիզա ստանալու մեկ միասնական ձեւի դիմում-հարցաթերթիկ՝ անկախ այն հանգամանքից՝ օտարերկրացին որտեղ եւ ինչպես է դիմում (դեսպանությունում, E-VISA, սահմանին)։ Նախատեսվում է 21 երկրների քաղաքացիների համար վերականգնել ՀՀ պետական սահմանին մուտքի վիզա ստանալու հնարավորությունը։
Ընտանիքի անդամ համարվող անձանց շրջանակը կհստակեցվի
Նշված երկրներն ընտրվել են փոխադարձության սկզբունքի, միգրացիոն ռիսկերի եւ ուղեւորահոսքերի համադրված գնահատման արդյունքում։ 51 երկրների քաղաքացիների համար կսահմանվի ՀՀ պետական սահմանին մուտքի վիզա ստանալու հնարավորություն, եթե նրանք ունեն մի շարք զարգացած պետությունների՝ ներառյալ ԵՄ եւ Շենգենյան համաձայնագրի, Ծոցի երկրների կացության քարտ կամ վավեր վիզա։ Այս չափանիշն ընդհանուր առամամբ ներառում է 45 երկրներ։ Կհստակեցվի ընտանիքի անդամ համարվող անձանց շրջանակը, պահանջվող փաստաթղթերի ցանկը:
Նախատեսվում է նաեւ դյուրացնել վարչարարությունը՝ այն համապատասխանեցնելով «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքի սկզբունքներին: Կսահմանվի նաեւ ՀՀ մուտքի վիզա ստանալու համար այլ փաստաթղթեր ներկայացնելու հնարավորություն: