Հունիսի 29-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը գլխավոր դատախազ ընտրեց… Չէ, կարծես թե սխալվեցի։ Վայ թե Ազգային ժողովը չի ընտրել…
Այդ «միջոցառման» մասին լուրը լրատվամիջոցների մի մասը վերնագրել էր՝ «Քաղաքացիական պայմանագիրը» Աննա Վարդապետյանին ընտրեց գլխավոր դատախազ»։ Ա՛յ, այսպես ճիշտ է։ Կարծում եմ, միանգամայն ստույգ վերնագիր է։
Ես, իհարկե, կարող եմ առաջարկել այլ տարբերակ՝ «Քաղաքացիական պայմանագիրը» քվեարկությամբ հաստատեց Աննա Վարդապետյանին գլխավոր դատախազ նշանակելու Փաշինյանի որոշումը»։ Նույնը կարելի է ասել այդ եւ հաջորդ օրը դատավորներ «ընտրելու» մասին։
Բայց երբ ընդդիմադիրները, հատկապես ՀՀԿ-ականները քննադատում են նման վարվելակերպը, թող հիշեն, որ Սահմանադրությունը, որը վարչապետին ու նրա խամաճիկ մեծամասնությանն անսահմանափակ լիազորություններ է տվել, մշակել են իրենք՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ։ Եվ այդ՝ 2015 թվականի Սահմանադրությունը միտված էր հենց մի կուսակցության, այն ժամանակ՝ ՀՀԿ-ի եւ նույն Սերժ Սարգսյանի իշխանությունը հավերժացնելուն։ Որովհետեւ այս Սահմանադրությամբ բացարձակապես բացակայում են զսպումների մեխանիզմները, իսկ գործընթացների վրա ազդելու խորհրդարանական ընդդիմության հնարավորությունները հասցվել են զրոյի։
Եվ այս Սահմանադրության պայմաններում իշխանափոխությունն այլ կերպ, քան փողոցային պայքարով, հնարավոր չէ։ Անգամ միջազգային դիտորդների «ամենաարդար» գնահատականին արժանացած ընտրությունների դեպքում իշխող քաղաքական թիմը (էսօր դա ՔՊ-ն է, վաղը կարող է փողոցի ճնշմամբ գահին բազմած մեկ այլ կուսակցություն լինել) ամեն գնով պահելու է իշխանությունը։ Ավելին՝ ստանալու է կա՛մ բացարձակ մեծամասնություն խորհրդարանում, կա՛մ առնվազն որեւէ խամաճիկ ուժի հետ կոալիցիա է կազմելու։
Եվ նորից նույն բանն է լինելու։ Կառավարությունը, ավելի ճիշտ՝ միահեծան վարչապետը ինչ ուզենա, անցկացնելու է իբրեւ խորհրդարանի որոշում կամ օրենք։
Նման իրավիճակը կանխատեսելի էր, եւ կանխատեսել էին շատ փորձագետներ, բողոքել էին, առաջարկներ ներկայացրել, սակայն կարկառուն սահմանադրագիրները իրենց էշը քշեցին, որովհետեւ այն ժամանակ իրենց էշն էր երկաթե։
Իսկ հիմա նույն երկաթե էշի թամբին հայտնվել են Փաշինյանն ու նրա կուսակցությունը եւ այդ երկաթե էշը ոնց ուզում, քշում են։
Եթե վաղը Փաշինյանն առաջարկի արգելել արագիլներին ձմռանը չվել տաք երկրներ, ապա խորհրդարանական մեծամասնությունը ոչ միայն հավանություն կտա նման անհեթեթ առաջարկին, այլեւ օրինագիծ կմշակի այդ մասին՝ պարտադրելով արաքսամերձ համայնքների ղեկավարներին որսալ բոլոր արագիլներին, բանտարկել, որ հանկարծ չչվեն։ Նախագիծը կդրվի քննարկման, ապա ՔՊ-ականների 71 կոճակներն ինքնասեղմումով կընդունեն այն։
Իհարկե, այդ օրենքն էլ կարժանանա պլաստիկե տոպրակների արգելքի ճակատագրին. թեւերի որոշակի բացվածքով արագիլներ, այսուհանդերձ, կչվեն, բայց դա չէ կարեւորը։ Կարեւորը շեֆի առաջադրանքը կատարելն է։
Իսկ հիմա՝ հարց. նման սահմանադրական կարգի պայմաններում էլ ինչի՞ համար են ընտրությունները, եւ ինչի՞ համար է խորհրդարանը, եթե որոշումներն ընդունվում են կուսակցության (կրկնեմ՝ կարեւոր չէ, թե դա ինչպես է կոչվում, այսօր ՔՊ է, վաղը կկոչվի ԲՏ) ղեկավար մարմնում, իսկ խորհրդարանը ապահովում է միայն ձեւական կողմը։
Նման իրավիճակում, երբ չկա գաղափարների պայքար, երբ խորհրդարանական ընդդիմություն կոչվածը միայն միակուսակցական «դեմոկրատիայի» շիրմա է, իսկ մեծամասնությունը կարող է ընդունել ցանկացած, անգամ ամենաանհեթեթ օրենքը, էլ ո՞ւմ է պետք խորհրդարանը։ Ավելի ազնիվ չէ՞ Սահմանադրությամբ ամրագրել, թե որոշումներն ընդունում է վարչապետը՝ միանձնյա եւ վերջ։ Ինչի՞ համար ենք մեր հարկերի հաշվին 107 պատգամավոր, նրանց օգնականներ ու խորհրդականներ պահում, գումարած հսկայական աշխատակազմն ու Ալեն Սիմոնյանի «պադավատները»։ Բա ափսոս չէ՞ փողը, որ կարող ենք այլ տեղ ներդնել։
Ես համարյա համոզված եմ, որ սահմանադրական փոփոխությունների համար ստեղծված չգիտեմ հանձնաժողով է, թե ինչ է, ոչ մի բան չի տալու կամ չի փոխելու։ Քանի որ նման անհեթեթ, բացարձակ իշխանություն սահմանող Սահմանադրությունը ձեռնտու է Փաշինյանին եւ նրա կուսակցությանը։ Էլ ինչո՞ւ փոխեն։
Իսկ իբր թե սկսված սահմանադրական գործընթաց կոչվածն էլ միայն հանրության եւ միջազգային կառույցների աչքին թոզ փչելու, բուռն գործունեության տպավորություն ստեղծելու համար է։ Ինչպես ամեն տեղ եւ ամեն բնագավառում է արվում այսօր։
Հ. Գ. Ասածիս եւս մի ապացույց. կարկառուն ՔՊ-ական օրենսդիր Վահագն Հովակիմյանը Իշխան Սաղաթելյանին եւ Վահե Հակոբյանին պաշտոնազրկելու մասին ասել է՝ «ՔՊ-ն ունի նրանց պաշտոնից ազատելու օբյեկտիվ, հիմնավորված որոշում»։ Հասկացա՞ք։ Իրենք որոշումն ունեն։ Իսկ հետո կապահովեն ձեւական կողմը՝ նախագիծ կդնեն շրջանառության մեջ, բնականաբար կհնչեն ՔՊ-ականների կրակոտ ու «ջախջախիչ» ելույթները, իսկ հետո փակ քվեարկությամբ կընդունեն այն, ինչն արդեն իրենք ընդունել են կուսակցության ներսում։ Ավելի ճիշտ՝ ինչ Փաշինյանն արդեն պարտադրել է, որ ընդունեն։
Լրագրող, խմբագիր, փորձագետ, լրագրության ուսուցիչ։ Նրա կենսագրությունը սկսվել է նախորդ դարի 80-ականներին Հայաստանի Մեղրու շրջանի «Արաքս» թերթից ու շարունակվել մեդիայի կայացման խառնարանում։ Հեղինակ է պատմվածքների ու վեպերի հինգ գրքի եւ լրագրողական էթիկայի ուսումնական ձեռնարկի։