Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը ներկայացրել է ԱԺ նախագահի տեղակալին զբաղեցրած պաշտոնից հետ կանչելու եւ ԱԺ տնտեսական մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունները դադարեցնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագծերի քվեարկության արդյունքները։
«ԱԺ 107 պատգամավորներից քվեարկություններին մասնակցել են 66-ը։ Քվեատուփում առկա է եղել 66 քվեաթերթիկ։
Անվավեր քվեաթերթիկներ չեն եղել։ Ձայները բաշխվել են հետեւյալ կերպ՝ Իշխան Սաղաթելյանին հետ կանչելու քվեարկությանը կողմ՝ 66, դեմ՝ 0։ Վահե Հակոբյանի պաշտոնից ազատելուն կողմ՝ 66, դեմ՝ 0»,- հայտարարել է Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը։
Սաղաթելյանի պաշտոնազրկման հիմքերը
Նախքան քվեարկությունը խորհրդարանում «ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանին Աժ նախագահի տեղակալի պաշտոնից հետ կանչելու» վերաբերյալ ԱԺ որոշման նախագիծը ներկայացրել է իշխանական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը՝ հղում անելով մի շարք օրենքների։
Մասնավորապես, Ջուլհակյանը նշել է, որ ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնը զբաղեցրած Իշխան Սաղաթելյանը 2022-ի հունվարի 17-ից մինչեւ հունիսի 29-ը ներառյալ 342 քվեարկություններից ունեցել է 198 բացակա, իսկ խորհրդի 25 նիստերից մասնակցել է ընդամենը 7-ին։ Նա շեշտել է, որ Սաղաթելյանը չի կատարել ԱԺ նախագահի տեղակալի իր պարտականությունները։
Ջուլհակյանը հիշեցրել է նաեւ, որ 8-րդ գումարման ԱԺ-ի մեկնարկին Սաղաթելյանն ու նրա գործընկերները հրաժարվել են պատգամավորական երդում տալուց։ Ըստ իշխանական պատգամավորի՝ Սաղաթելյանը քանիցս հրահրել է բախումներ՝ չպահպանելով քաղաքացիական համերաշխության սկզբունքը, տարածել ատելության խոսք՝ վիրավորելով հանրության տարբեր ներկայացուցիչների, ԱԺ պատգամավորներին։