Պաշտոնական Ստոկհոլմը հայտարարել է, որ ենթադրյալ քուրդ զինյալների ու հեղաշրջման կազմակերպման կասկածյալներին Թուրքիա արտահանձնելու վերաբերյալ ցանկացած որոշում կընդունեն անկախ դատարանները։
«Շվեդիան չի արտահանձնում իր քաղաքացիներին, իսկ ոչ շվեդ քաղաքացիները կարող են արտահանձնվել այլ երկրների խնդրանքով, բայց միայն այն դեպքում, եթե դա համահունչ է Շվեդիայի օրենսդրության եւ Եվրոպական կոնվենցիայի հետ»,- ընդգծել է արդարադատության նախարար Մորգան Յոհանսոնը:
Ֆինլանդիայի արտգործնախարար Պեկկա Հաավիստոն նույնպես հայտարարել է, որ երկիրը մտադիր չի արտահանձնել իր քաղաքացիներին։ «Հելսինկին չի կարող իր քաղաքացիներին այլ երկրների արտահանձնել, որտեղ նրանց մահապատիժ կամ խոշտանգումներ է սպառնում»,- ասել է Հաավիստոն։
Նա հավելել է, որ Ֆինլանդիայի օրենքը կարող է ահաբեկիչ ճանաչել եւ արտահանձնել միայն այն մարդկանց, որոնք մեղավոր են ահաբեկչություն նախապատրաստելու կամ իրագործելու մեջ։
Թուրքիան Ֆինլանդիայից պահանջում է արտահանձնել 12 անձանց, սակայն նրանցից ոչ մեկի հարցով դեռ համաձայնություն ձեռք չի բերվել։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, թե Շվեդիան խոստացել է արտահանձնել 73 անձի, որոնք Թուրքիայում մեղադրվում են ահաբեկչության համար, ինչի դիմաց Անկարան համաձայնել է աջակցել ՆԱՏՕ-ին այդ երկրի անդամակցությանը:
Էրդողանը Շվեդիայից եւ Ֆինլանդիայից պահանջել է նաեւ չեղարկել Անկարայի նկատմամբ զենքի էմբարգոն, որը սահմանվել էր ի պատասխան 2019-ին Սիրիա Թուրքիայի ռազմական ներխուժմանը: ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում երեք կողմերը ստորագրել են 10 կետից բաղկացած հայտարարություն, որն ուղղված էր փարատելու Անկարայի մի շարք մտահոգություններ: