Հունիսի 24-ին Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը Բաքվում հայտարարեց, որ քառասունչորսօրյա պատերազմը չեղարկել է ԼՂ կարգավորման նախընթաց շրջանի իրավաքաղաքական հենքը, ներկայում ուժի մեջ են Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների երեք հայտարարությունները, եւ այդ դրույթները պետք է հետեւողականորեն կյանքի կոչվեն։ Դրան հետեւեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հարցազրույցը «Ազատություն» ռադիոկայանին, որում թեեւ «թիրախավորված է» Իլհամ Ալիեւը, բայց առարկությունների բուն հասցեատերը Սերգեյ Լավրովն է։
Ո’չ Հայաստանի ինստիտուցիոնալ ընդդիմությունը, ո’չ Արցախի Ազգային ժողովը, որ Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի արած՝ «Ղարաբաղի էթնիկ հայերի անվտանգություն եւ իրավունքներ» ձեւակերպման կապակցությամբ հատուկ հայտարարություն էր ընդունել, Ռուսաստանի արտգործնախարարի «էկզոտիկ» մոտեցումներին չանդրադարձան։ Ոչինչ չհիշեցրին եւ գոնե դիվանագիտական պատշաճության սահմաններում չառարկեցին, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն ինքը չի ստեղծել, որ անձնական նախաձեռնությամբ էլ լուծարի։
Ընդդիմության առանձին ներկայացուցիչներ, մինչդեռ, Լավրովին ապահովագրեցին, նրա հայտարարությունը համարեցին «Փաշինյան-Ալիեւի բանավոր պայմանավորվածությունների արձանագրում»։ Հատուկ ընդգծվեց, որ իրավիճակը «ռազմավարական դաշնակցի հետ հարաբերությունները փչացնելու հետեւանք է»։ Հրադադարի մասին 1994-ի մայիսի 12-ի եւ 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթղթերի միջակայքում Ռուսաստանը, Հայաստանը եւ Ադրբեջանը 2008-ի նոյեմբերի երկուսին նախագահների մակարդակով «Մայենդորֆի հռչակագիր» են ստորագրել։
Մի կողմ թողնենք հարցը, թե ինչու Լեռնային Ղարաբաղը չի մասնակցել այդ քննարկումներին, ստորագրող կողմ չի եղել, եւ ուշադրություն դարձնենք պաշտոնական տեքստի առաջին եւ երկրորդ կետերին։ Ըստ այդմ՝ կողմերը հայտարարում են, որ «կնպաստեն Հարավային Կովկասում իրավիճակի առողջացմանը եւ տարածաշրջանում կայունության եւ անվտանգության հաստատմանը»։ http://kremlin.ru/supplement/232 Բայց ինչպե՞ս։ «Ղարաբաղյան հակամարտության քաղաքական կարգավորման միջոցով՝ միջազգային իրավունքի սկզբունքների եւ նորմերի եւ այդ շրջանակներում ընդունված որոշումների եւ փաստաթղթերի հիման վրա»։
Ինչ է դա նշանակում՝ քառասունչորսօրյա պատերազմին նախորդած շրջանում Իլհամ Ալիեւը բազմիցս է մեկնաբանել․ «Կարգավորման իրավական հիմքը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի չորս բանաձեւերն են, որ անվերապահորեն ճանաչում են Ադրբեջանի ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը եւ պահանջում հայկական զինված ուժերը առանց որեւէ նախապայմանի դուրս բերել օկուպացված շրջաններից»։
Իսկ ինչ նպատակ է հետապնդում ԼՂ քաղաքական կարգավորումն ըստ «Մայենդորֆյան հռչակագրի»՝ ձեւակերպված է այսպես․ «Դա կնպաստի տարածաշրջանում տնտեսական զարգացման եւ համակողմանի համագործակցության համար նպաստավոր պայմանների ստեղծմանը»։ Ոչ մի խոսք Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման, նրա ժողովրդի քաղաքական եւ քաղաքացիական իրավունքների իրացման, անվտանգության եւ ազատ զարգացման երաշխիքների մասին։ Կարգավորումը գնահատված է որպես տարածաշրջանային համագործակցության եւ տնտեսական զարգացման հնարավորություն, ինչից տրամաբանորեն հետեւում է, որ ԼՂ խնդիրը խոչընդոտում է Հարավային Կովկասի ինտեգրացիան, տարածաշրջանի բացումը, նրա ներուժի լիարժեք դրսեւորումը։
Այդ պատճառով էլ բուն խնդիրը թողնվել է երկրորդ կետին, ըստ որի՝ կողմերը «հաստատում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդության կարեւոր նշանակությունը՝ Մադրիդում 2007 թվականի նոյեմբերի 29-ին կողմերի հետ նրանց հանդիպման եւ հետագա քննարկումների նկատառմամբ՝ քաղաքական կարգավորման սկզբունքների հետագա մշակման նպատակով»։ Այսինքն՝ «մադրիդյան սկզբունքները», որ Հայաստանին եւ Ադրբեջանին ներկայացվել էին մեկ տարի առաջ, ամենեւին էլ քաղաքական կարգավորման՝ կողմերի միջեւ համաձայնեցված հիմք չեն ճանաչվում։ Հակառակ դեպքում կարձանագրվեր, որ Հայաստանը եւ Ադրբեջանը կշարունակեն բանակցությունները՝ հիմք ընդունելով Մադրիդում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագհների ներկայացրած առաջարկությունները։
Շատ հիպոթետիկ կհնչեր, եթե ասվեր, որ կարգավորման քաղաքական սկզբունքները հետագայում մշակելու մասին ձեւակերպումը «Մայենդորֆի հռչակագրում» տեղ է գտել Հայաստանի նախաձեռնությամբ։ Ակնհայտ է, որ դա տեղի է ունեցել Ադրբեջանի «առաջարկությամբ», եւ, իհարկե, Ռուսաստանն առնվազն չի առարկել։ Չպետք է հաշվից դուրս թողնել, որ 1994 թվականի մայիսի 12-ի հրադադարը հաստատվել է Ռուսաստանի միանձնյա միջնորդությամբ, եւ հետագայում Մոսկվան ամենեւին էլ «լավ օրից չէ», որ համաձայնել է «պատասխանատվությունը կիսել» նախ Միացյալ Նահանգների, ապա նաեւ Ֆրանսիայի հետ։
Նոյեմբերի 9-ից հետո ԼՂ-ում կանգնած են ռուս խաղաղապահներ, եւ եթե անգամ Ուկրաինայում իրավիճակ չսրվեր, միեւնույնն է, եղանակ թելադրողը լինելու էր Ռուսաստանը։ Դրանից ողբերգություն ստեղծել պետք չէ։ Մեզ հարկավոր է իրավիճակը սթափ եւ համակողմանի գնահատել․ Բաքվում Լավրովի հնչեցրած «սպառնալիքների» հասցեատերն ավելի շատ մե՞նք ենք, թե՞ Իլհամ Ալիեւը։ Լավրովի՝ Բաքու այցից երեք օր անց Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդական-խոսնակ Իբրահիմ Քալընը ո՞ւմ է հիշեցրել, որ «Ղարաբաղյան հարցը լուծվել է թուրք-ադրբեջանական դաշինքով»։ Եվ ավելացրել, որ Թուրքիան ձեռնամուխ է եղել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը։
Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն Խորհրդի (1990-95) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» գրքի հեղինակն է։