ՀՀ ԱԺ լրատվության եւ հանրության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Մ. Թրեյսիին եւ ԱՄՆ Միջազգային զագացման գործակալության (ՄԶԳ) առաքելության ղեկավար Դեւիդ Հոֆմանին:
Արարատ Միրզոյանը ներկայացրել է կրակի դադարեցման մասին եռակողմ հայտարարության ընդունումից հետո ստեղծված իրավիճակը եւ ընդգծել, որ՝ ռազմագերիների ու գերեվարված անձանց հայրենիք վերադարձի խնդիրն առաջնային կարեւորություն ունի հայկական կողմի համար:
Խորհրդարանի խոսնակը հույս է հայտնել, որ Միացյալ Նահանգներն առավել ակտիվորեն կներգրավվեն այս խնդրի շուտափույթ կարգավորման գործում, հավելելով, որ արցախյան հիմնախնդիրը չի կարելի կարգավորված համարել, քանի դեռ չի լուծվել Լեռնային Ղարաբաղի (Արցախի) կարգավիճակի հարցը՝ հիմնված ազգերի ինքնորոշման սկզբունքի վրա:
Դեսպան Թրեյսին իր հերթին նշել է, որ ամերիկյան կողմը հայ ռազմագերիների վերադարձին նպաստելու ջանքեր է գործադրում: