Հուլիսի 1-ին Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ բանագնացներ Ռուբեն Ռուբինյանը եւ դեսպան Սերդար Քըլըչը Վիեննայում անցկացրած չորրորդ հանդիպմանը նոր պայմանավորվածություն են ձեռք բերել։
Մասնավարապես, կողմերը պայմանավորվել են հնարավոր ամենասեղմ ժամկետներում Հայաստան եւ Թուրքիա այցելող երրորդ երկրների քաղաքացիների համար հայ-թուրքական ցամաքային սահմանը հատելու հնարավորություն ապահովել։ Կողմերը որոշել են այդ ուղղությամբ անհրաժեշտ գործընթացներ սկսել:
Պայմանավորվել են նաեւ հնարավոր ամենասեղմ ժամկետներում մեկնարկել Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումների իրականացումը եւ այդ ուղղությամբ եւս անհրաժեշտ գործընթացներ ձեռնարկել:
Բացի դրանից՝ քննարկվել են այլ հնարավոր կոնկրետ քայլեր, որոնք կարող են ձեռնարկվել երկու երկրների միջեւ լիարժեք կարգավորման վերջնական նպատակին հասնելու համար։
Ի վերջո, կողմերը կրկին ընդգծել են իրենց պայմանավորվածությունը՝ շարունակելու կարգավորման գործընթացն առանց նախապայմանների։