Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը ստորագրել է հրամանագիր, որով ՌԴ-ն դադարեցնում է իր մասնակցությունը Եվրոպայի խորհրդի մասնակի եւ ընդլայնված համաձայնագրերին:
Ըստ ռուսական ՏԱՍՍ գործակալության՝ խոսքը ութ համաձայնագրի մասին է, որոնց մասնակցությունն ավարտվում է 2023-ի մարտի 16-ին:
Ռուսաստանը, մասնավորապես, դուրս է գալիս թմրանյութերի եւ կախվածությունների միջազգային համագործակցության խմբից, 1990-ի մասնակի համաձայնագրից։
Եվրոպայի խորհուրդը Ուկրաինայի վրա հարձակման հաջորդ օրը՝ փետրվարի 25-ին, ընդունել է կազմակերպության կանոնադրական կառույցներում Ռուսաստանի ներկայությունը «սառեցնելու խտրական որոշում»: Մարտի15-ին էլ Ռուսաստանը դուրս եկավ Եվրոպայի խորհրդից:
Եվրոպայի խորհուրդը 1949-ին ստեղծված միջպետական հնագույն կազմակերպությունն է, որի հիմնական նպատակը եվրոպական երկրների համագործակցությունն է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում: Ռուսաստանը Եվրոպայի խորհրդին անդամակցել է 1996 թվականին: