Ռուսաստանի ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ գեներալ Իգոր Կոնաշենկովը, ներկայացնելով անցած օրվա մարտական գործողությունների արդյունքները, ասել է, որ ռուսական ավիացիան գերճշգրիտ հրթիռներով զինամթերքի երեք պահեստ ոչնչացրել է Զապորոժիեի շրջանում, երկուսը՝ Նիկոլաեւի շրջանում։
Կոնաշենկովի պնդմամբ՝ ավիացիան երեք տասնյակից ավելի շրջաններում հարվածել է ուկրաինական բանակի ռազմական տեխնիկայի ու կենդանի ուժի կուտակումներին, ինչպես նաեւ կառավարման հինգ հենակետի։ Իսկ հակաօդային պաշտպանության համակարգը Նիկոլաեւի մոտ ուկրաինական Միգ-29 կործանիչ է խոցել։
Ռուս գեներալի տվյալներով՝ պատերազմի սկզբից ի վեր ռուսական ուժերը ոչնչացրել են ուկրաինական հարյուրավոր օդանավեր, ուղղաթիռներ, մի քանի հազար տանկ ու զրահամեքենա։
Պատերազմական պայմաններում կողմերի հայտնած տվյալները անկախ աղբյուրներից հնարավոր չէ ճշտել։
ՌԴ Զինուժի կորուստներն ըստ Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր շտաբի
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբն իր հերթին ամփոփել է հակառակորդի կորուստները հուլիսի 3-ի դրությամբ։ Ուկրաինայի զինուժը պատերազմի ամբողջ ընթացքում ոչնչացրել է ՌԴ ԶՈՒ մարտական մեքենաների եւ ավտոցիստեռների 2618 միավոր, հատուկ ռազմական տեխնիկայի 64 միավոր, 801 միավոր հրետանային համակարգ, 3744 միավոր զրահամեքենա, 105 միավոր ՀՕՊ համակարգ, օպերատիվ-մարտավարական մակարդակի 654 միավոր ԱԹՍ, 1584 տանկ, 15 ռազմանավ (եւ մոտորանավ), 187 ռազմական ուղղաթիռ, 217 ռազմական ինքնաթիռ, 144 միավոր թեւավոր հրթիռ եւ շուրջ 35 հազար 970 ռուս զինվորական։
Ըստ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի՝ ռուսական ուժերն առավել մեծ կորուստներ են կրել Կրամատորսկի եւ Բախմուտի ուղղություններում։