Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից Արցախում սանձազերծված վեցշաբաթյա պատերազմի խորապատկերում ԱՄՆ նոր վարչակազմը եւ ամերիկյան 117-րդ Կոնգրեսը հայ-ամերիկյան հարաբերություններում նոր հնարավորությունների հեռանկարներ են նախանշում, ընդ որում՝ ինչպես թուրք-ադրբեջանական ագրեսիայի զսպման, այնպես էլ Արցախի անվտանգության եւ հայ ժողովրդի ազգային-ժողովրդավարական նկրտումների իրագործման տեսանկյունից:
Այս հարցում կենսական է Հայաստանի Հանրապետության դեսպանության եւ ամերիկահայ համայնքի դերը: Հայաստանի համար բարեբախտություն է ներկայացնել երկարամյա փորձ ունեցող դեսպանի, ով արդյունավետորեն առաջ է մղում Հայաստանի ազգային շահերը միջազգային դիվանագիտական հարթակներում: Դեսպանն ու նրա պրոֆեսիոնալ թիմը հարգանք են վայելում ինչպես ամերիկացի գործընկերների, ամերիկահայ համայնքի, գործընկեր կառույցների ու կազմակերպությունների լայն շրջանակի, այնպես էլ Վաշինգտոնի արտաքին քաղաքականությամբ զբաղվող փորձագիտական համայնքի կողմից:
Ամերիկյան քաղաքացիական հասարակությունում խորապես ինտեգրված, ԱՄՆ-ի կառավարության հետ աշխատելու ավելի քան մեկդարյա փորձ ունեցող հայ համայնքը Հայաստանի անկախությունից ի վեր առավել կարեւորում է Հայաստանի միջազգային դիվանագիտական ներգրավվածությունը` այն վեր դասելով հայրենիքի ներքին քաղաքականությունից: Մենք չափազանց բարձր գին կվճարենք, եթե դիվանագետների նշանակման հարցում չառաջնորդվենք նրանց մասնագիտական ունակություններով ու պրոֆեսիոնալիզմով: Նեղ կուսակցական կամ տեղական մտածողությունը երբեք չպետք է ազդի արտերկրում Հայաստանը ներկայացնելու վրա: Այսպես քաղաքականությունն ավարտվում է ազգային-պետական շահերի սահմանագծին:
Ուստի այս չափազանց պատասխանատու ժամականաշրջանում մեր վճռական անհամաձայնությունն ենք հայտնում ԱՄՆ-ում գործող դեսպան Վարուժան Ներսեսյանի փոխարեն դիվանագիտական փորձ չունեցող քաղաքական գործիչ Լիլիթ Մակունցին նշանակելու անխոհեմ որոշմանը: Այս նամակով կոչ ենք անում չեղարկելու Մակունցի թեկնածության առաջադրումը`միաժամանակ համամիտ լինելով նրա`այդ պաշտոնին համապատասխանելու վերաբերյալ մեր [ԱՄՆ] կառավարության վերապահումներին:
Հայ Յեղափոխական Դաշնակցության ԱՄՆ-ի Արեւելյան ափի Կենտրոնական կոմիտե
Ռամկավար ազատական կուսակցության ԱՄՆ-ի Արեւելյան շրջանային կոմիտե
26 փետրվարի, 2021 թ.
Թարգմանեց Մերի Մնացականյանը