«Պետք է պատրաստվել պատերազմի»՝ ձեւակերպում է «Առավոտի» խմբագրականը եւ սահմանում, որ «պետք է նշանակել Գլխավոր շտաբի պետ», ապա պարզել, թե ի՞նչ զենքերով է հարձակվելու թշնամին, ինչո՞վ ենք պաշտպանվելու։ Իր խոսքը նա կառուցում է հունիսի 27-ի ասուլիսում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած դիտարկման վրա, որ Ադրբեջանը փորձում է նոր «պատերազմի լեգիտիմություն ձեւավորել»։
Եթե հիշենք առնվազն 2013-ից Իլհամ Ալիեւի խոսույթը, հարյուրավոր օրինակներ կարող ենք գտնել, երբ նա բաց տեքստով սպառնացել է, որ եթե Հայաստանը չվերադարձնի «օկուպացված տարածքները», Ադրբեջանը դրանք կազատագրի ուժով։ Բազմաթիվ օրինակներ էլ կարող ենք բերել, երբ Հայաստանի եւ Արցախի ռազմա-քաղաքական ղեկավարությունը պնդում էր, որ Ադրբեջանը կհարձակվի, երբ զգա, որ ուժերի հարաբերակցությունն իր օգտին է, բայց չենք գտնի մամուլի գեթ մեկ հրապարակում, որտեղ «պետք է պատրաստվել պատերազմի» ընdհանրացում արված լինի՝ նույնիսկ ապրիլյան քառօրյայից հետո։
Արցախի եւ Հայաստանի ապագայի մտահոգություն չկա՞ր։ Մամուլը, հանրությունը վստահ էր, որ պատերազմ չի՞ սկսվի, Ալիեւը «բլե՞ֆ է անում»։ Թե համոզված էին, որ նոր պատերազմն ավարտվելու է առնվազն Եվլախի եւ Գյանջայի գրավմամբ՝ Ադրբեջանի լիակատար եւ անվերապահ կապիտուլյացիայո՞վ։ Այդ տարիներին մամուլը երբեւէ հարցադրում արե՞լ է․ «Ի՞նչ զինատեսակներով է հարձակվելու թշնամին, դիմացն ի՞նչ ունենք»։ Ես գոնե չեմ հիշում։ Ոչ էլ որեւէ մեկին հետաքրքրել է, թե ով է Գլխավոր շտաբի պետը կամ ինչու պաշտպնության նախարար է նշանակվում քաղաքացիական անձ։
Կասեն՝ «դա անցյալ է»։ Ամենեւին, քանի դեռ Լեռնային Ղարաբաղի խնդիրը կարգավորված չէ, հայ-ադրբեջանական հաշտություն գոնե ֆորմալ ձեւակերպմամբ հաստատված չէ, երեսնամյա իրադարձությունների շղթան պատմություն չէ։ Թեկուզ այն հանգամանքով, որ «սուվերեն միջանցքների» հարց քննարկվել է Քի Ուեսթում, իսկ Կազանի փաստաթղթում սեւով սպիտակի վրա գրված է, որ Ադրբեջանը Նախիջեւանի հետ պետք է ստանա «ցամաքային անխոչընդոտ կապ»։ Ինչպես որ գաղտնիք չէ, որ տարիներ շարունակ օրակարգային է եղել նաեւ վերջնական կարգավորման դեպքում «Լաչին քաղաքը շրջանցող նոր ճանապարհի կառուցման» թեման։
Եւ դա՝ կարգավորման փուլային տարբերակը մերժելուց հետո, որով, պետք է անընդմեջ հիշեցնել, հայկական վերահսկողության տակ էր մնալու ԼՂԻՄ-ի եւ Լաչինի ամբողջ շրջանի տարածքը։ Եւ որտեղ ոչ մի խոսք չկար հատուկ Ադրբեջան-Նախիջեւան ցամաքային հաղորդակցություն ստեղծելու մասին։ Ընդհանուր գրված էր, որ տարածաշրջանի բոլոր կոմունիկացիաները պետք է բացվեն։ Պատերազմը զբոսախնջույք չէ, ոչ էլ՝ Իլհամ Ալիեւի քմահաճույք։ Այն հասունացել է ամբողջ երկու տասնամյակ, բայց հատկապես՝ 2014-20 թվականներին՝ իր բոլոր բաղադրիչներով, այդ թվում՝ տեղեկատվա-քարոզչական։
Նիկոլ Փաշինյանն այսօրվա չափազանց բարդ իրավիճակում կարող է, թերեւս իրավունք էլ ունի միջազգային հանրությանը հղումներ անել, բայց դրանից արժե՞ անվերապահորեն բխեցնել, թե «պետք է պատրասվել պատերազմի»։ Դրանից չի՞ հետեւում, որ հանրությանը ներշնչում են «խաղաղության օրակարգի ձախողում»։ Ազդակն, այսպիսով, վերադառնում է ներքաղաքական դաշտ․ «Փաշինյանը տանուլ է տվել պատերազմը, ձախողել խաղաղության օրակարգը, նոր պատերազմի չի պատրաստվում (ԳՇ պետ չի նշանակում, բանակը չի վերազինում), ուստի փրկությունը մեկն է՝ իշխանափոխություն»։
Հայաստանում, ըստ էության, իշխանափոխություն տեղի է ունեցել։ 2021 թվականի ընտրություններում միայն 54 տոկոս վստահության քվե ստացած Նիկոլ Փաշինյանը 2018-ի «հեղափոխության» վարչապետը չէ, բայց նա, միեւնույն է, լեգիտիմ իշխանություն ունի։ Պատերազմի սպառնալիքը կամ «Բերձորի եւ Աղավնոյի հանձնումը» Փաշինյանի լեգիտիմությունը «մաշեցնելու» միջո՞ց են։ Ենթադրենք։ Բայց փոխարենն ի՞նչ է առաջարկվում։ Նոր Սարդարապա՞տ։ «Այս տարածաշրջանում կամ մենք պիտի լինենք, կամ՝ նրանք» էքզիստենցիալ մրցակցությո՞ւն։ Բանակի վերակազմավորում-արդիականացում-սպառազինում եւ «ռեւանշ-պատերա՞զմ»։ Իրավիճակից ելքը ո՞րն է, եթե վաղը Փաշինյանը հրաժարական է տալիս կամ հաջողվում է նրան հեռացնել։
Ի վերջո, ժամանակն է անկեղծորեն ընդունել, որ «Միասնական Հայաստանի» նախագիծը, եթե, իհարկե, հավատանք, որ այն իբրեւ պետական քաղաքականության ծրագիր մշակված է եղել, փլուզվել է։ Ո՞ւմ մեղքով եւ ինչպե՞ս՝ խոր ուսումնասիրության թեմա է։ Մինչդեռ հրամայական է պահպանել Հայաստանի միջազգային սուբյեկտությունը։ Դա Արցախի հայկականության միակ երաշխիքն է։ Այլ ընտրության դեպքում մենք, գուցե, Հայաստանից տարածքային կորուստներ չենք ունենա, Արցախում դեռ մի քանի տարի կամ տասնամյակ հայեր կապրեն, բայց այն այլեւս մերը չի լինի ոչ միայն ֆիզիկապես, այլեւ՝ քաղաքական-քաղաքակրթական իմաստով։
Գորիս-Ստեփանակերտ մայրուղու վրա մեկ կամ երկու-երեք գյուղի հայաբնակությունը սկզբունքորեն հարց չի լուծում։ Բեքաայի հովտի Այնճարն էլ է հայաբնակ, հայ համայնքապետ եւ տեղական կառավարչություն ունի։ Բայց Այնճարը Լիբանան է։ Այլ բան է, երբ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ նախկին ԼՂԻՄ-ի վարչական սահմանից դուրս բնակավայրերն են վերադարձվելու Ադրբեջանին, երբ ռուս խաղաղապահները կվերատեղաբաշխվեն Լաչինի միջանցքի նոր երթուղում։ Կկարողանա՞նք իրացնել այդ՝ դեռեւս առկա, հնարավորությունը։ Պատերազմով՝ ոչ։ Բանակցությունների միջոցով հնարավոր է։
Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն Խորհրդի (1990-95) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» գրքի հեղինակն է։