Այսօր Հայաստանի Սահմանադրության օրն է։
Ի՞նչ է Սահմանադրությունը՝ օրենք, որպեսզի բոլորն իրենց Կեսար չզգան եւ աջ ու ձախ թուր չբանեցնեն կտրելու համար Գորդյան հանգույցը։
1995-ի Սահմանադրությունը կարգավորում էր առաջնային ինստիտուտների գործունեությունը։
Ինքնին Սահմանադրությունը վկայիչն է, որ դու պետություն ես։ Նշանակում է, քեզ պետք է պահես ըստ այդմ։ Նշանակում է, ոչ մեկի քմահաճույքներն առանձին վերցրած ավելին չեն դիմացինի քմահաճույքներից։ Նշանակում է, դու կառուցում ես պետություն, որտեղ առաջին ու վերջին խոսքը Սահմանադրությունն է։
2005 թվականին, պարզվեց, այդպես չէ։ Ռոբերտ Քոչարյանը «հայտարարեց»՝ Սահմանադրությունը ես եմ։ Բնավ կարեւոր չէ, թե ինչը փոխեց նա եւ ինչը թողեց։ Սահմանադրության փոփոխությունը ժողովրդական պահանջ չէր։
Մյուս կողմից՝ ո՞վ է ժողովուրդը։ Նա կարող է լինել խենթ։ Նա կարող է լինել Սասնա Դավիթ, որն ունի մարտահրավերներ «խեղդելու» սեփական զինանոցը։ Սահմանադրությունը նրան ասում է՝ սպասիր, մինչեւ ես կիջեցնեմ իմ ձեռքերը, կընդունեմ իմ անզորությունը պետական խնդիրները կարգավորելու։
Սահմանադրությունը սիրում է պահպանողականություն, նույնիսկ եթե նրանում տեղ են գտնում ամենաառաջադեմ գաղափարները։ Դիցուք, «ազատությունից զրկված անձինք ունեն մարդասիրական վերաբերմունքի իրավունք»։
2005-ին այդ մարդը մի հոգի էր։ Սահմանադրությունն այդպիսի բաներ չի սիրում։ Այնտեղ, որտեղ կան թագավորներ, Սահմանադրությունն իմաստ չունի։
2015-ին տեղի ունեցավ նույնը։ Մեկ մարդը որոշեց փոխել Սահմանադրությունն առանց ժողովրդին հարցնելու։ Նշանակում է, չի լինելու մի մարտահրավեր, որը հնարավոր է լուծել Սահմանադրությամբ։ Նշանակում է, երբ հարձակվեն այդ մի մարդու վրա, նրա տերը Սահմանադրությունը չէ։ Որովհետեւ այդ Սահմանադրության տերը ժողովուրդը չէ։
Սահմանադրությունը պետք է լինի այնպիսին, որ կարգավորի նույնիսկ ժողովրդի համբերության բաժակի լցվելը։ Այսինքն, կարողանա «խոսել» ժողովրդի հետ, երբ վերջինս դառնում է ծուռ Դավիթ։ Այդպիսի Սահմանադրություն Հայաստանը չուներ, որովհետեւ այն իր ժողովուրդը չուներ։ Սահմանադրությունն ուղղակի թուղթ էր։
2018-ի ապրիլյան հեղափոխության ժամանակ Սահմանադրությունը քաշվեց մի կողմ։ 2018-ին պարզ դարձավ, որ ժողովրդավարության պահանջն ավելին է Սահմանադրությունից, քանի որ վերջինս մի կողմ էր քաշվել ժողովրդավարությունից, համրացել էր, ասելիք չուներ։ Մինչեւ ժողովուրդը ուժ չդառնա, Սահմանադրությունը հիմնական օրենք չի դառնա։
Սահմանադրությունը պիտի «վախենա» միայն ժողովրդից։ Որովհետեւ միայն ժողովուրդը կարող է ընդվզել Սահմանադրությունից անկախ։
Այսօր Հայաստանի Սահմանադրության օրն է։ Բայց դեռ պետք է սպասել մինչեւ Սահմանադրությունն «անձամբ» զգա իր ծննդյան օրը։
Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու: