Հուլիսյան երեք օր Հաղպատն ու Ալավերդին հյուրընկալեցին հայ կինոյի մեծ վարպետ Յուրի Երզնկյանի ֆիլմերը, դրանց հերոսներին մարմնավորած դերասաններին եւ կինոռեժիսորի ընտանիքի անդամներին։
Առիթը վարպետի հոբելյանն էր։ Դեռ տարեսկզբին մեկնարկած 100-ամյակի միջոցառումներից Հաղպատը որպես «ակունք» անմասն չէր կարող լինել․ այստեղ Յուրի Երզնկյանի հայրը՝ պետական գործիչ Արամայիս Երզնկյանն է ծնվել, եւ հետագայում իր զավակներին ու թոռներին կապել այս բնակավայրին։
Հոբելյանական միջոցառումների մեկնարկը Հաղպատում եղավ «Յուրի Երզնկյան» գրքի շնորհանդեսով, ֆիլմերի պաստառների ցուցահանդեսով ու ֆիլմերի ցուցադրությամբ։ Ռեժիսորի մասին ներկաները նույնպես ասելիք ունեին։
«Միայն կինոյի վարպետ չէր, բանավոր խոսքի մեծ վարպետ էր՝ ինտելեկտի փայլատակումներով, որի հետ շփվելուց հետո ուզում էիր գնալ տուն եւ գրել, թե ինչ ասեց։ Եւ ոչ միայն իր ֆիլմերն էին ստեղծագործություն, այլեւ իր անձն էր ստեղծագործություն», — Յուրի Երզնկյանին այսպես ներկայացրեց կինոգետ Դավիթ Մուրադյանը։
Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար Արա Խզմալյանն էլ կարեւորեց Երեւանից դուրս «մեր արժեքների անունը բարձրաձայնելը եւ հիշեցնելը»։
Հաղպատի մշակույթի տանն անցկացվող հոբելյանական միջոցառման ընթացքում ցուցադրվեցին «Եթե գաք մեզ մոտ՝ Հաղպատ» եւ «Այս կանաչ, կարմիր աշխարհը» ֆիլմերը։ Առաջինում հաղպատցիներն իրենց համագյուղացիներին եւ գյուղի անցյալին «հանդիպեցին»։ Իսկ Բակունցի՝ Մաթեւոսյանի սցենարով եւ Երզնկյանի էկրանավորմամբ «կանաչ, կարմիր աշխարհ» դարձած «Միրհավ»-ի ցուցադրությամբ ներկա դերասանները ֆիլմի նկարահանման օրեր վերադարձան։
Ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանն այս ֆիլմում խաղացել է երիտասարդ Դիլանի դերը։ Իսկ երբ պարզվել է, որ Արմեն Ջիգարխանյանի բացակայության պատճառով պետք է նաեւ Դիլանի ծերությունը խաղար, համաձայնել է՝ պայմանով։
«Գրիմն անելուց հետո մի հատ մաշված կաշվից կիսավերարկու գցեցի ուսերիս, մի հատ էլ փայտ վերցրի, ասի՝ ես էսպես կգնամ, կիջնեմ Օձուն, խանութից առեւտուր կանեմ, եթե չճանաչեցին, որ դերասան եմ, կգամ, կնկարվեմ։ Իսկ եթե հասկացան, որ դերասան եմ, չեմ նկարվելու։ Չճանաչեցին։ Վերադարձա, ասի՝ համաձայն եմ», — պատմեց դերասանը, ապա եզրափակեց՝ Երզնկյանի հետ աշխատելը բախտ էր, վիճակվեց ու շատ լավ ավարտ ունեցավ։
Դերասանուհի Սոֆիկ Սարգսյանը հուզմունքով խոսեց կինոյում իր առաջին դերի եւ իրեն այդ աշխարհ բերած մարդու մասին։
«Յուրի Երզնկյանը կինոյի իմ կնքահայրն է։ Չնայած Հենրիկ Մալյանի ուսանողն եմ եղել, բայց Երզնկյանն ինձ բերեց կինո։ Նա դերասանին շատ էր սիրում եւ վստահում։ Դա բոլոր ֆիլմերում էր երեւում։ Ընկեր Երզնկյանի շնորհիվ է, որ այսօր նաեւ մանկավարժության մեջ եմ», — ասաց դերասանուհին։
Ռուբեն Երզնկյանը, որ մանկավարժական համալսարանում հոր ղեկավարած ամբիոնն է ղեկավարում, զրույցի ընթացքում անդրադարձավ «Եղիցի լույս» ֆիլմին։ Այն իր եւ հոր ռեժիսորական համատեղ աշխատանքն է։
«Մոսկվայի համամիութենական կինոինստիտուտում էի, երբ ստացա այս ֆիլմը նկարահանելու առաջարկը։ Զանգեցի հորս, ասացի, որ պրակտիկ աշխատանքով ուզում եմ նորից վերադառնալ ռեժիսուրա։ Ու միասին հայկական արվեստի մասին պատմող այդ ֆիլմը նկարեցինք, որի համար երաժշտություն գրեց Մանսուրյանը, նկարիչն էր Ռոբերտ Էլիբեկյանը։ Նկարիչ եւ կոմպոզիտոր ունենալը դոկումենտալ ֆիլմերի դեպքում զարմանալի մի բան էր»,- պատմեց ռեժիսորի որդին։
Հարյուրամյակի նվերների շարքում «նոր ասելիքը» թերեւս «Յուրի Երզնկյան» երկլեզու գիրքն էր, որում կինոռեժիսորի մասին ժամանակակիցների հուշերն են, նրա ֆիլմերի մասին գրված ակնարկներն ու հոդվածները, «Դիմակայության խճանկար» անավարտ ֆիլմի սցենարը, լուսանկարներ, աֆիշներ եւ այլն։
Գիրքը կազմել է ռեժիսորի դուստրը՝ կինոգետ Անետա Երզնկյանը։ Շնորհանդեսը հունվարի 26-ին՝ ռեժիսորի ծննդյան օրը, Հայաստանի կինոգործիչների միությունում է եղել։
«Ինձ համար ամբողջ 100-ամյակի մեխը այս օրերն էին Հաղպատում, որովհետեւ Հաղպատը մեզ համար ուրիշ աշխարհ է։ Եվ ցանկությունը մեծ էր, որ անպայման այստեղ նույնպես լինի ֆիլմերի ցուցադրություն», — ասաց Անետա Երզնկյանը
Հաղպատում եւ Ալավերդիում նաեւ «Փառքի օղակներ», «Խաթաբալա» ֆիլմերը ցուցադրվեցին։ Հարյուրամյակի միջոցառումները կշարունակվեն մինչեւ տարեվերջ։ Ըստ Անետա Երզնկյանի՝ ռեժիսորի անվամբ նամականիշ է մարվելու, եւ որպես 100-ամյակի միջոցառումների ամփոփում հայրական արխիվը զավակները նվիրելու են Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանին։
Մասնագիտությամբ լրագրող եմ։ 15-ամյա աշխատանքային գործունեությանս մեծ մասն անցել է հեռուստատեսության ոլորտում՝ Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունում։