Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացվեց «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:
Նախատեսվում է ռազմաուսումնական հաստատությունն ավարտած եւ պաշտպանության համակարգում սպայական պաշտոնի նշանակված սպայական կազմի զինծառայողի համար սահմանել բնակարանային ապահովության նոր տեսակ՝ անհատույց օգտագործման եւ անհատույց սեփականության իրավունքով բնակարան ստանալու իրավունք:
Հայաստանում ռազմաուսումնական հաստատությունն ավարտած եւ Պաշտպանության նախարարության համակարգում սպայական պաշտոնի նշանակված սպան Երեւանում կստանա 3 սենյականոց բնակարան, որի առավելագույն արժեքը 28 միլիոն 500 հազար դրամ է սահմանված:
2022-ի հուլիսի 1-ից հետո ռազմաուսումնական հաստատություն ընդունված զինծառայողներին նախատեսվում է ծառայողական բնակարանների հատկացում՝ ուսումնառությունն ավարտելուց հետո՝ անհատույց օգտագործման իրավունքով:
2022-ին ընդունվածները ավարտելուց անմիջապես հետո արդեն 2026 թվականին կստանան բնակարանները եւ կտնօրինեն մինչեւ ծառայության ավարտն ամեն կերպ, բացի այն վաճառելու իրավունքից: Սպան սեփականության իրավունքը կստանա 20 տարվա զինվորական ծառայությունից անմիջապես հետո։ Այդ ժամանակ արդեն սպան կարող է բնակարանը վաճառել կամ հանձնել վարձակալության: Եթե 20 տարին չլրացած՝ ծառայությունը դադարեցվի, բնակարանը հետ կվերցվի եւ կհայտնվի ՊՆ բալանսում։
Մինչև պայմանագրի ժամկետը լրանալն առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու հիմքով պայմանագրային զինվորական ծառայությունից արձակվելու և հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու դեպքում այդ բնակարանը զինծառայողին կտրամադրվի անհատույց սեփականության իրավունքով:
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նշել է, որ պայմանագրի գործողության ժամկետի ընթացքում զինծառայողի զինվորական ծառայության հետ պատճառական կապով, այն է՝ զոհվելու դեպքում զինծառայողին անհատույց օգտագործման իրավունքով հատկացված բնակարանն անհատույց սեփականության իրավունքով տրամադրվում է նրա ընտանիքի անդամներին: Բնակարաններն անհատույց օգտագործման իրավունքով հատկացնելու կարգը և պայմանները սահմանվելու են կառավարության որոշմամբ։
Նախարարը հայտնել է, որ պետության ծախսը կկազմի տարեկան 12.5 մլրդ դրամ: Գնման գործընթացի մեկնարկը կսկսվի 2023-ից: