Իրանի արտգործնախարար Ամիր Աբդոլլահիանը, թվիթերյան գրառման մեջ անդրադառնալով Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձրագույն հանձնակատար Ժոզեպ Բորելի հետ հեռախոսազրույցին, նշել է, որ Թեհրանը դեռ պատրաստ է բանակցելու՝ ամուր եւ կայուն համաձայնության հասնելու համար։
Աբդոլլահիանը հավելել է, որ հիմա արդեն Վաշինգտոնը պետք է որոշի՝ ցանկանո՞ւմ է, որ համաձայնությունն իրականանա, թե՞ շարունակում է իր միակողմանի պահանջները:
Ավելի վաղ Իրանի միջուկային հարցով ԱՄՆ բանագնաց Ռոբերտ Մալին հայտարարել էր, որ Դոհայի բանակցությունների ժամանակ Թեհրանը նոր պահանջներ է առաջ քաշել, որոնք կապ չունեն իրանական միջուկային ծրագրի հետ։
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը նշել է, որ Միացյալ Նահանգները հիասթափված է միջուկային համաձայնագրի բանակցությունների ընթացքում Իրանի կողմից հավելյալ պահանջների ներկայացմամբ: Փրայսը նշել է նաեւ, որ այսօր Իրանի հետ ծրագրված բանակցությունների նոր փուլ դեռ նախանշված չէ: