Սահմանադրության օրը Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ մի աննախադեպ նվաճման՝ Հայաստանը միջազգայնորեն ճանաչվել է ժողովրդավարական պետություն։ Բոլորովին այլ հարց է, որ միջազգայնորեն ժողովրդավարական են ճանաչվել ընտրությունները, ոչ թե պետությունը, որովհետեւ միջազգային կառույցների մոտ դեռ հարցեր կան մամուլի ազատության եւ միակուսակցական կառավարման հետ կապված։
Համացանցով տարածվող տեղեկատվության վրա պետական վերահսկողություն սահմանելու մասին տեղեկությունը, որը հեռացող դատախազ Արթուր Դավթյանի նվերն է իշխանություններին, ինչ ասես արժե։
Բայց արդյո՞ք Հայաստանն իսկապես ժողովրդավարական պետություն է։
Փաստ է, որ Հայաստանում ընդդիմությունը չի հետապնդվում։ Փաստ է, որ իշխանությունն ընտրակաշառքներ չի բաժանում ընտրություններից առաջ։ Փաստ է, որ կոռուպցիան այլեւս ժողովրդին չի վերաբերվում, բայց կոռուպցիան կա ու բարձրացել է վերեւներ։ Հենց կոռուպցիան կա։ Հայաստանը կոռումպացված երկիր է։ Ուղղակի գումարը ժողովրդից չեն քերում։ Կամ ավելի ճիշտ քերում են թանկացումների տեսքով։
Փաշինյանը բացատրություն չունի, թե ինչպես է իր եղբայրը հանկարծ դարձել չորս խոշոր ընկերության տնօրեն, որոնք (գոնե երկուսը) իրար հետ փոխկապակցված չեն։ Ոչ մեկը բացատրություն չի տալիս, թե ինչպես է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Բագրատ Բադալյանի ընկերությունը պետական մարմիններից շարունակում առանց մրցույթի խոշոր պատվերներ ստանալ։ Երեւանում շարունակում են սնկի նման աճել բարձրահարկեր, որոնք քաղաքի ճարտարապետական կերպարի եւ պարզապես խտացվածության հետ չեն խոսում։
Մեր ժողովրդավարությունը թարս աճեց։
Հայաստանում իսկապես կա ժողովրդավարություն, բայց պետական հանցագործությունների անպատժելիության առումով։ Ժողովրդավարության նվաճումները միայն ազատությունները չեն, այլեւ իշխանության «անազատությունը»։ Հայաստանի խնդիրն այսօր ժողովրդավարական կամ բռնապետական լինելը չէ, Հայաստանի խնդիրը լինելն է։ Ինչպես մի նորածին, որը ծնվել է բոլոր վտանգավոր հիվանդություններով ու հիմա պայքարում են նրա կյանքի համար։ Իսկ նորածնի օրգանիզմը, ինչպես պարզվում է, պայքարողների մեջ չկա։ Ամեն ինչ անում են ուրիշները։
Այսինքն, ամեն ինչ անում է ուրիշի ողորմածությունը։ Մեր դեպքում՝ դուրսը։ Այդ օրգանիզմը դիմադրողականություն չունի։ Եվ ահա պարզվում է, որ առողջ հռչակվելու համար բավական է ասել, որ նորածինը դեռ կա։ Ինչպես կա հույսը։ Բայց ինքը՝ նորածինը չգիտի, թե հատկապես ինքն ինչ կարող է անել։
Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու: