Վիկտորյա Պետրոսյանը հունիսի 12-ին Ուկրաինայից մեծ դժվարությամբ Հայաստան է տեղափոխվել։ Հայաստան գալու որոշումը նա քննարկել է ընտանիքի անդամների հետ։ Գիտեին՝ վտանգավոր է լինելու, բայց Վիկտորյան շատ էր ցանկանում հայրենիք գալ, Երեւանում աշխատել ու կայանալ, ուստի պապիկի հետ ճանապարհ ընկավ։
«Ես ու պապիկս Ժիրտոմիր քաղաքից (հեռավորությունը Կիեւից՝ 139,9 կիլոմետր) 13 ժամ ճանապարհ անցանք ավտոբուսով՝ հասնելով Լեհաստանի մայրաքաղաք Վարշավա։ Ուկրաինայից Հայաստան տեղափոխվելու միակ օպտիմալ ճանապարհը դա էր։ Հետո Վարշավայից ինքնաթիռով Երեւան եկանք»,- պատմում է Վիկտորյան։ Ուկրաինայից Լեհաստան տեղափոխվելը բարդ էր ու վտանգավոր․ անկանխատեսելի էր, թե հաջորդ րոպեին ինչ կլինի, ոչ ոք չգիտեր՝ հաջորդ ռումբը որտեղ կընկներ։
«Ես բազմիցս կարդացել ու մտերիմներից լսել էի, որ մարդիկ են եղել, որ ավտոմեքենաներով ճանապարհ են ընկել՝ ցանկանալով հեռանալ Ուկրաինայից, բայց ճանապարհին ռումբերն ընկել էին մեքենաների վրա, եւ նրանք մահացել էին․․․ Ճանապարհին վերհիշում էի այդ ամենն ու սարսափում, բայց նաեւ գիտեի՝ պետք է ուժեղ լինեմ, ինքս ինձ ասում էի՝ վախենալու ժամանակը չէ»,- պատմում է Վիկտորյան։
Նա որպես փախստական Եվրոպա գնալու հնարավորություն է ունեցել։ Այնտեղ կարող էր ավելի բարեկեցիկ կյանքով ապրել, բարձր աշխատավարձ ստանալ, բայց որոշել է Հայաստան գալ։ Այժմ ապրում է Երեւանում։
«Ինձ պայքարող եւ ուժեղ մարդ եմ համարում։ Մինչեւ Հայաստան հասնելս համացանցի միջոցով աշխատանք էի գտել Երեւանում։ Միանգամից աշխատանքի անցա։ Աշխատում եմ փաստաբանական գրասենյակում՝ որպես փաստաբանի օգնական։ Դժվարություններ, իհարկե, կան, բայց ջանում եմ հաղթահարել։ Հայոց լեզուն գիտեմ, բայց քանի որ քիչ եմ կիրառել, այժմ երբեմն դժվարանում եմ։ Սովորելու իմ պատրաստակամությունն ու համառությունն օգնում են առաջ շարժվելու»,- ասում է Վիկտորյան։
Արցախ թե Ուկրաինա. ցավը նույնն է
Արցախյան 44-օրյա պատերազմի օրերին Ուկրաինայի քաղաքացի Վիկտորյան Հայաստանում էր։ Ավարտելով Կիեւի Բորիս Գրինչենկոյի անվան համալսարանի իրավագիտության եւ միջազգային հարաբերությունների ֆակուլտետը եւ ստանալով իրավաբանի բակալավրի աստիճան՝ 2019-ին նա «Դեպի Հայք» ծրագրով եկել էր հայրենիք, ընդունվել Հայ-ռուսական համալսարան եւ մագիստրոսական կրթություն էր ստանում։
2020-ի սեպտեմբերի 27-ին, երբ սկսվեց պատերազմը, Վիկտորյան Արցախում չէր, բայց այդ օրերին ասես լսում ու զգում էր ռումբերի ձայները։ Նա թիկունքում օգնում էր հայրենակիցներին։ Որպես կամավոր՝ ընկերների հետ այցելում էր Արցախից տեղահանված ընտանիքներին, հոգում նրանց կարիքները, երեխաներին տանում տեսարժան վայրեր։
«Այդ մարդկանց հետ շփվելով՝ ասես ամեն նյարդով զգում էի պատերազմի սարսուռը։ Պատերազմի ավարտից հետո Հայ-ռուսական համալսարանում ստեղծված թիմում որպես միջազգային իրավունքի մասնագետ՝ կամավորության սկզբունքով աշխատում էի փաստահավաք խմբում, հարցազրույցներ անցկացնում տեղահանված արցախցիների հետ, հետազոտություններ անում։ Փորձում էի ամեն կերպ օգտակար լինել հայրենակիցներիս։ Թվում էր՝ այլեւս երբեք պատերազմի սարսուռը չեմ զգա, բայց, ավաղ․․․»,- պատմում է Վիկտորյան։
2021 թվականի սեպտեմբերին Հայաստանում մագիստրոսի որակավորում ստանալուց հետո Վիկտորյան մեկնել էր Ուկրաինա՝ ընտանիքի մոտ։ Որոշել էր կարճ ժամանակ մնալ այնտեղ, ապա վերադառնալ Հայաստան, աշխատանք գտնել, ապրել հայրենիքում, բայց նրա՝ Հայաստան վերադառնալը հետաձգվեց․ 2022 թվականի փետրվարի 24-ին սկսվեց ռուս-ուկրաինական պատերազմը։
«Փետրվարի 24-ին ես ընտանիքիս հետ Ժիտոմիրում գտնվող մեր բնակարանում էի։ 4։30-ին արթնացանք պայթյունի ձայնից։ Քիչ անց համացանցի միջոցով տեղեկացանք, թե ինչ է կատարվում։ Մարմնովս դող անցավ, այն նույն ահավոր զգացողությունն էր։ Հաջորդ օրերին ռումբերի ձայներն ուժգնացան։ Սարսափելի էր»,- հիշում է Վիկտորյան։
Պատերազմի մեկնարկից հետո Վիկտորյայի ընտանիքը երկու օր նկուղում մնաց, բայց քանի որ դա եւս վտանգավոր դարձավ, երրորդ օրը որոշեցին տեղափոխվել Ժիտոմիրի մարզի Անդրուշեւկա գյուղ՝ Վիկտորյայի մորեղբոր տուն, որտեղ համեմատաբար անվտանգ էր։
«Քաղաքից գյուղ հասնելը շատ դժվար էր։ Նայում էի շուրջս․ փլված շենքեր կային, ճանապարհներին հերթեր էին, քանի որ մարդիկ ցայտնոտի մեջ՝ վերցրել էին առաջին անհրաժեշտության իրերն ու ճամփա ընկել։ Պարեկները պարբերաբար ստուգում էին մեքենաները, կրակոցների ձայներ էին լսվում, լարված էինք․․․»,- հիշում է Վիկտորյան։
Ապրիլի կեսին նրանք վերադարձան Ժիտոմիր՝ իրենց բնակարան։
«Երբեմն ակամա համեմատություններ եմ անցկացնոում այդ երկու սարսափների միջեւ։ Արցախյան 44-օրյա պատերազմի օրերին ես Երեւանում էի, իսկ ընտանիքիս անդամներն Ուկրաինայում էին։ Ռուս-ուկրաինական պատերազմի առաջին ամիսներին պապիկս, մայրիկս, 15 եւ 21 տարեկան եղբայրներս, ես միասին էինք, միմյանց ուժ էինք տալիս։ Իսկ հիմա ես ու պապիկս Երեւանում ենք, մյուսներն՝ Ուկրաինայում․ շատ դժվար է իրարից բաժան եւ հեռու լինելը, երբ գիտակցում եմ, թե այնտեղ ինչ է կատարվոււմ»,- ասում է Վիկտորյան։
Նա հիմա ամեն օր լարված է․ անհանգստանում է մոր ու եղբայրների համար։ Նրանք, որոշ հանգամանքներով պայմանավորված, դեռեւս չեն կարող Հայաստան տեղափոխվել։ Վիկտորյան Հայաստանում նոր կյանք է սկսել, նոր ընկերներ ունի, փորձում է գործնականում իր մասնագիտության մեջ հմտանալ։ Ասում է՝ պետք է հաղթահարի բոլոր դժվարությունները՝ աշխատի, կայանա, ուժեղ լինի, որ կարողանա հենարան դառնալ մոր ու եղբայրների համար, երբ նրանք էլ Հայաստան տեղափոխվեն։
Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։