ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնել են, որ հուլիսի 15-ից մեկնարկում է առողջապահության նախարարի հրամանով հաստատված «Կոլոռեկտալ քաղցկեղի վաղ հայտնաբերման սքրինինգային փորձարարական ծրագիրը»: Ծրագրի նպատակն է բնակչության 50-75 տարիքային խմբում կոլոռեկտալ քաղցկեղի կանխարգելումը եւ վաղ հայտնաբերումը: Ծրագրի իրականացմամբ ակնկալվում է Հայաստանի Հանրապետությունում բարելավել կոլոռեկտալ քաղցկեղի վաղ հայտնաբերման ցուցանիշը եւ իջեցնել մահացությունը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ աշխարհում կոլոռեկտալ քաղցկեղի հիվանդացության (չարորակ նորագոյացությունների մեջ տարածվածությամբ զբաղեցնում է 3-4-րդ տեղը), հատկապես հիվանդության ուշ փուլերում հայտնաբերված դեպքերի աճի միտում կա:
Հայաստանում 2021-ին կոլոռեկտալ քաղցկեղով (հաստ աղիքի, ուղիղ աղիքի, սիգմայաձեւ աղիքի եւ այլն) հիվանդացության ցուցանիշը կազմել է 25,5՝ 100 հազար բնակչի հաշվով (756 դեպք), տարածվածությունը՝ 167,9 (4972 դեպք), իսկ մահացությունը՝ 16 (475 դեպք): Հիվանդացության ամենաբարձր ցուցանիշները (դեպքերի 83.6%-ն) արձանագրվել են 60 եւ բարձր տարիքային խմբերում։
Չափազանց բարձր է ուշ հայտնաբերված դեպքերի թիվը, մասնավորապես` 2021-ին կոլոռեկտալ քաղցկեղի շուրջ 70.9%-ը հայտնաբերվել է հիվանդության երրորդ եւ չորրորդ փուլում։