ՌԴ ԱԳՆ տեղեկատվության եւ մամուլի բաժնի ղեկավարի տեղակալ Ալեքսեյ Զայցեւը հայտնել է, որ տարածաշրջանում բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կապերն ապաշրջափակելու հարցով Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետերի համանախագահությամբ գործող եռակողմ աշխատանքային խմբին հաջողվել է մոտեցնել տրանսպորտային հաղորդակցությունների վերականգման շուրջ դիրքորոշումները։
Զայցեւը նշել է, որ Հարավային Կովկասում բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցով փոխվարչապետերի նախագահությամբ աշխատանքը եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում շարունակվում է:
«Եռակողմ աշխատանքային խմբի՝ Մոսկվայում հունիսի 3-ին կայացած 10-րդ հանդիպմանը, ինչպես նաեւ Պետերբուրգի տնտեսական ֆորումի շրջանակում շփումներում որոշակի առաջընթաց է գրանցվել, հաջողվել է մոտեցնել կողմերի դիրքորոշումները՝ տրանսպորտային հաղորդակցությունների վերականգնման տարբեր ասպեկտների հարցով: Ինչպես հայտնի է՝ եռակողմ աշխատանքային խմբում քննարկվում է տարածաշրջանում երկաթուղային եւ ավտոմոբիլային կապերի բացման հարցը՝ ի շահ Հայաստանի, Ադրբեջանի եւ նրանց հարեւանների»,-ասել է Զայցեւը:
ՌԴ ԱԳՆ պաշտոնյան ընդգծել է, որ հստակ պայմանավորվածություն ձեռք բերելու դեպքում համանախագահներն իրենք կտեղեկացնեն լրատվամիջոցներին: