Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության քարտուղարության ներկայացուցիչ Ալեքսանդր Կուզնեցովը «Ինֆոֆորում-Սոչի» տեղեկատվական անվտանգության ֆորումում իր ելույթում հայտարարել է, որ ՀԱՊԿ-ը տարածաշրջանում բարդությունների է բախվում Ուզբեկստանում ստեղծված իրավիճակի պատճառով։ Կուզնեցովը նշել է, որ իրավիճակը վերլուծում են, եւ ՀԱՊԿ-ի կարծիքով՝ իրադրությունը Ուզբեկստանում կարող է վատթարանալ։
Ուզբեկստանը, ի տարբերություն երեք հարեւանների՝ Ղազախստանի, Տաջիկստանի եւ Ղրղըզստանի, ՀԱՊԿ-ին չի անդամակցում:
Երկրի կազմում գտնվող Կարակալպակստանի ինքնավար հանրապետության մայրաքաղաքում ցուցարարների եւ ուժայինների միջեւ անցած շաբաթ արյունալի բախումներ են տեղի ունեցել, որի հետեւանքով սպանվել է 18 մարդ, վիրավորվել՝ 243-ը։
Կարակալպակստանում հուլիսի 3-ից մեկ ամսով արտակարգ դրության ռեժիմ է սահմանվել, հասարակական կարգը հսկում են Ուզբեկստանի ազգային գվարդայի ուժայինները։