ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի մասնակից պետությունների գլխավոր ասամբլեայի նիստում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանն իր ելույթում ընդգծել է, որ 2020-ի աշնանն Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված ագրեսիայի հետեւանքով Լեռնային Ղարաբաղի որոշ տարածքներ, դրանց թվում՝ Հադրութը եւ Շուշին, ենթարկվել են հայաթափման։
Քրիստիան Տեր-Ստեփանյանը շեշտել է, որ բնակչության բռնի տեղահանման հետեւանքով լուրջ վտանգ է սպառնում նաեւ մշակութային ժառանգությանը, որն անհնար է փոխանցել կամ ապահովել դրա կենսունակությունն ու պահպանումը։
ՀՀ մշտական ներկայացուցիչը վերահաստատել է, որ Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման խնդիրը շարունակում է մնալ Հայաստանի ուշադրության կենտրոնում։