2008 թվականին ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր էի: Նախագահական ընտրություններից երեւի երկու-երեք ամիս առաջ երեւանյան թերթերից մեկի լրագրողը զանգեց: Հետաքրքրվում էր, թե Ստեփանակերտում ինչ կարծիքի են Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքական վերադարձի մասին: Հարցադրումն ինքնին կոշտ քննադատություն եւ մերժում էր ակնկալում: Շատ քաղաքավարի ձեւակերպեցի, որ դա նրա սահմանադրական իրավունքն է, թող ընտրողները որոշեն՝ ով է լինելու Հայաստանի հաջորդ նախագահը:
Խոսակիցս, իհարկե, դժգոհ մնաց: Բայց ավելի արտառոցն այն էր, որ հարցազրույցը չհրապարակվեց: Թե ինչու՝ հասկանալի էր:
Արդեն ընտրություններից հետո, երբ Տեր-Պետրոսյանը բողոքի շուրջօրյա հավաքներ էր անցկացնում, որ գնալով ավելի ու ավելի բազմամարդ էին դառնում, ԱԺ գործընկերներից մեկին խնդրեցի նախագահ Բակո Սահակյանին միջնորդել, որպեսզի Ստեփանակերտից մի պատվիրակություն մեկնի Երեւան: Առաջարկեցի, որ նախագահը հրավիրի առաջին գումարման Հայաստանի ԳԽ արցախցի երեք-չորս պատգամավորի եւ գործուղի Երեւան: «Ի՞նչ նպատակով»,- հարցրեց գործընկերս: «Հանդիպեն Լեւոն Տեր-Պետրոսյանին, խնդրեն, որ հանուն կայունության, համերաշխության, հանուն ԼՂ կարգավորման բանակցություններում մեր դիրքերի չթուլացման վերջ տա զանգվածային միջոցառումներին»,- բացատրեցի միտքս:
-Բայց արժե՞: Չէ՞ որ դա նշանակում է Լեւոնի դերի գերագնահատում: Ինչ ուզում է, թող անի,- հետեւեց պատասխանը: Երբ բարձրանում էր իր աշխատասենյակը, հասցրի միայն ասել. «Արյուն է հեղվելու»: Նա շրջվեց եւ լայն ժպտաց: Դա թարգմանաբար նշանակում էր. «Ուրախ եմ, որ իրար հասկացանք»:
Թե ինչ եղավ մեր խոսակցությունից երկու օր հետո՝ հայտնի է: Բայց ես ավելի ցնցված էի բավարարվածությունից, որ պետական, քաղաքական գործիչները մի կերպ դեռ կարողանում էին թաքցնել, իսկ լյումպեն-զանգվածները պարզապես ցնծում էին:
Երբ 2018-ի մարտ-ապրիլին Երեւանը փոթորկվեց, վաղուց ինքնամեկուսացած էի: Բայց հեռավոր զգացողություն ունեի, որ տրամաբանության մեջ չտեղավորվող մի բան է խմորվում: Սերժ Սարգսյանի հրաժարականի եւ Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելու միջակայքային մի օր «Հրապարակ» կայքում Նիկոլ Փաշինյանին բաց նամակով հորդորեցի չգնալ իշխանության ուզուրպացման, թող հնարավորություն ստեղծի, որ ձեւավորվի անցումային կառավարություն եւ անցկացվեն ազատ ընտրություններ:
Հորդորս մնաց անարձագանք։
2019 թվականի հոկտեմբերին «Շանթ» հեռուստաընկերության եթերից խորհուրդ տվեցի, որ հետ կանգնի ԼՂ հարցում նորամուծության փորձերից, հրաժարվի Միացյալ Հայաստանի իդեա-ֆիքսից, վերադառնա կարգավորման միջազգայնորեն աջակցվող հայեցակարգի տրամաբանությանը:
Ոչ մի ռեակցիա։
2020 թվականի այս օրերին դարձյալ «Հրապարակ» կայքում հորդորեցի պարզություն մտցնի Արցախի նախագահի ընտրության հարցում: Կամ հստակ աջակցություն հայտնի թեկնածուներից մեկին, կամ առհասարակ չմիջամտի:
Ոչ ինքը, ոչ թիմից ուրիշ մեկը: Դարձյալ՝ քար լռություն։
Պատերազմի, պարտության եւ արտաքին քաղաքական ձախողումների մասին Ֆեյսբուքում տասնյակից ավելի գրառումներ եմ արել:
Փաշինյանն, այո, ապաշնորհ գործիչ եւ ապիկար կառավարիչ է: Փաշինյանը պետք հեռանա։ Փաշինյանը պետք է պատասխան տա: Բայց դրանից չի հետեւում, թե Բաղրամյան պողոտայում սրբեր են կամ փրկիչներ: Չի հետեւում, թե բանակը պետք էտրամադրել Փաշինյանի, չէ՝ գործող սահմանադրության դեմ: Չե՞ք ուզում կառավարության շենքի կտուրներին, պատշգամբներին դիպուկահարներ տեսնել:
Հորդորեք, որ ԶՈՒ ԳՇ-ն վերադառնա սահմանադրության եւ օրինականության դաշտ։
Վերջ տվեք միստերիա-ներկայացումներին:
Փաշինյանը ձեզ ձեռնոց է նետել՝ գնալ արտահերթ ընտրությունների: Համախմբվեք եւ ընտրությունների միջոցով հեռացրեք նրան: Իսկ եթե որոշել եք փողոցի կամ, որ ավելի վատ է, բանակի միջոցով հեռացնել նրան, ապա ի՞նչ տարբերություն 2018 թվականի իշխանազավթման եւ 2021-ի «ազգ-բանակ-հաղթանակի» միջեւ։
Տարբերությունը մեկն է. երեք տարի առաջ արյուն չի հեղվել: Այս անգամ կհեղվի։
Եւ դրա համար պատասխանատվությունը կծանրանա նաեւ Բաղրամյան պողոտայի ճառասացների վրա: Ինչպես որ իրենք են Փաշինյանին մեղադրում մարտի 1-ը սադրելու մեջ:
Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն Խորհրդի (1990-95) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» գրքի հեղինակն է։