Հայաստանի ԶՈՒ ԳՇ տեղեկատվության բաժնի պետ Սամվել Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում բացատրություններ է տվել ԳՇ պետի պաշտոնանկության միջնորդության իրավական ընթացակարգի վերաբերյալ:
Ըստ նրա՝ Սահմանադրական դատարանը Սահմանադրության 168-րդ հոդվածով նախագահի հրամանագրի նախագծի սահմանադրականության կամ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետին պաշտոնից ազատման հարց լուծելու իրավասություն չունի, ուստի նախագահը դիմել է Սահմանադրական դատարան բացառապես «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» 2017 թվականի նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ որպես նախագծի իրավական հիմքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով եւ ոչ կոնկրետ օրենքի հոդվածի կամ մասի։
Սահմանադրության համապատասխան հոդվածով՝ Սահմանադրական դատարան դիմելու ժամկետ ընդհանրապես սահմանված չէ։ Վերաբերող մասով ժամկետները սահմանված են Օրենքի 35․1-րդ հոդվածի 3-րդ մասով՝ հրամանագրի նախագծի վերադարձից հետո 8 օր։
«ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Վիկտորի Գասպարյանը մինչեւ 8-օրյա ժամկետի լրանալը (նախագահի կողմից Սահմանադրական դատարան դիմելուց հետո սկսում են գործել այլ ժամկետներ) շարունակում է իր ծառայությունը հայրենիքին եւ ժողովրդին, հանդիսանում է Զինված ուժերի բարձրագույն զինվորական հրամանատարը»,- նշել է Սամվել Ասատրյանը։