Այսօր Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությանը՝ Հատիս սարի վրա Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրմանը։
Նա հայտարարել է, որ իրենց նախնական գնահատականը դրական է նախագծի վերաբերյալ, որովհետեւ կարծում են, որ «զբոսաշրջային հետաքրքրությունը էականորեն կմեծանա»։
Ըստ էության՝ Փաշինյանն ու նրա կառավարությունը պետական մակարդակով խրախուսում են կռապաշտությունը մի երկրում, որի եկեղեցական 1700-ամյա ավանդույթը մերժում է այդ երեւույթը։ Երեւույթ, որը խորթ է թե՛ մեր եկեղեցուն, թե՛ մեր արվեստին ու ազգային ավանդույթին։
Հայ առաքելական եկեղեցու Գերագույն հոգեւոր խորհուրդն անդրադարձել է Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությանը՝ շեշտելով, որ եկեղեցին ընդունելի չի համարում «Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրումը՝ նկատի առնելով, որ այն հարիր չէ ՀԱԵ դարավոր պատկերագրական եւ պաշտամունքային ավանդույթին։ ՀԱԵ-ն նաեւ հորդորել էր նախաձեռնության հեղինակներին «զերծ մնալ եկեղեցու ավանդույթին հակասող նախագծերից»։
Զարմանալին եւ ողբերգության հասնող աբսուրդն այն է, որ Փաշինյանը Կառավարության նույն նիստում խոսում է համատարած «խաչատնկության» երեւույթի մասին։ «…շատ դեպքերում խաչերի տեղադրումը ոչ միայն կապ չունի քրիստոնեության ու քաղաքաշինության հետ, այլեւ վարկաբեկում է ե՛ւ քրիստոնեությունը, ե՛ւ քաղաքաշինությունը»։
Ի՞նչ կարող ենք եզրակացնել.
ա) Փաշինյանն ու նրա կառավարությունը կարեւորում են քրիստոնեական հավատն ու քաղաքաշինությունը:
բ) Ընդունում են, որ այդ ամենը վարկաբեկում է հավատքն ու քրիստոնեությունը:
գ) Այն հարիր չէ ազգին ու պետությանը։
Ստացվում է՝ Փաշինյանը մի կողմից ընդունում է խնդիրներն ու դրանց հակասությունները մեր մշակույթի ու ավանդույթի հետ, մեկ այլ պարագայում՝ աչք փակում «խոշոր սեփականատերերի» ու նրանց՝ տուրիստական պոտենցիալով նախագծերի փայլի առջեւ։ Չէ՞ որ այն կարելի է 100 փաստում գրել, մեծ շուքով բացել, խոսել աննախադեպ քրիստոսաշինությունից, տուրիզմի զարգացումից, ներդրումներից, մի 10-20 տեսահոլովակ նկարել եւ ամբողջ աշխարհին ցույց տալ, թե ինչ մեծ Քրիստոս ունենք մենք։
Ցավոք այս ամենը՝ թե՛ համատարած խաչաշինությունը, թե՛ պետության ամենահարուստ մարդու կամայական ու ինքնասիրահարված քրիստոսաշինությունը, որևէ առնչություն չունեն ո՛չ հասարակական կարծիքի, ո՛չ պետական մտածողության, ո՛չ էլ ազգային-մշակութային ավանդույթի հետ։
Ավելին՝ իռացիոնալ խաչապաշտությունը, ամեն անկյունում խաչ ու խաչքար տնկելը ուղիղ համեմատական են այն խոր փոսին, սոցիալ-տնտեսական այն աղետալի վիճակին, որում գտնվում են մեր երկիրը, նրա ռեգիոններն ու բնակիչները։
Եվ որքան աղետալի ու անհուսալի է վիճակը բնակավայրերում, որքան մարդիկ հույսները կտրում են աշխատանքով ու պետության աջակցությամբ բարեկեցիկ ապրելուց, այնքան ավելի են թաղվում կռապաշտության հերձվածի մեջ եւ ավելի են հույսը դնում փրկչական իռացիոնալիզմի վրա։
Նույն այդ տրամաբանությամբ էր նաեւ 2018-ին Փաշինյանի փրկչական, աստվածատուր կերպարի ի հայտ գալը եւ ընդունվելը ժողովրդի կողմից, նույն այդ տրամաբանությամբ է ժողովրդի շրջանում քարոզվում մոլախաղերի, այսինքն՝ հրաշքով, աստծո կամ բախտի օգնությամբ բարեկեցություն ու հարստություն ստանալու դյուրին ճանապարհը։
Այս բոլորը հասարակական չարիք են, եւ պետությունը, փոխանակ փորձի ախտորոշել, տեղորոշել ու բուժել այդ խնդիրները, մի բան էլ, տուրք տալով եկեղեցու հետ հակասություններին եւ օլիգարխի եսասիրական ձգտումներին, խրախուսում է այդ վարքը, աշխարհայացքն ու պետական մակարդակով դրան իր «հայրական օրհնանքը» տալիս։
Փաստորեն պետությունը սեփական քաղաքացիներին ասում է, որ ճիշտը հրաշքներին հավատալն ու աստծուն ապավինելն է։ Ճիշտը մոլախաղերն ու փրկիչներին սպասելն է, արանքում կարելի է տուրիզմ զարգացնել, անկանոն ու տհաճ խաչերն էլ, զուտ էսթետիկ նկատառումներով ու կամայական սկզբունքով, մաքրել։ Չէ՞ որ այն, ինչ կարելի է Գագիկ Ծառուկյանին ու նրա քրիստոնեական հակումներին, կարելի չէ շարքային միկրոծառուկյաններին։
Մասնագիտությումբ պատմագետ եմ։ Տարիներ ի վեր ուսումնասիրում եմ հայկական մեդիան եւ քաղաքական դաշտը։ Գրում եմ պատմության, քաղաքականության, մշակույթի, գաղափարների ու մարդկանց մասին։ Չեմ հավատում փրկիչներին։