ԳԱԼԱ հեռուստաընկերությունը հարցում է ուղարկել Հայաստանում ԱՄՆ եւ Ֆրանսիայի դեսպաններին՝ խնդրելով մեկնաբանել Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարի հայտարարությունը:
Հունիսի 23-24-ին պաշտոնական այցով Ադրբեջան այցելած ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը մասնավորապես հայտարարել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը դադարեցրել է գործունեությունը ամերիկացի եւ ֆրանսիացի մասնակիցների նախաձեռնությամբ:
Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից հարցադրմանն արձագանքել են՝ նշելով, որ Միացյալ Նահանգները ջանում է աջակցել եւ նպաստել Հարավային Կովկասում խաղաղության հասնելու ուղղությամբ դրական զարգացումներին։
«Միացյալ Նահանգները, ներգրավվելով երկկողմ ձեւաչափում ու նույն կերպ մտածող գործընկերների հետ, այդ թվում նաեւ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, հանձնառու է օգնել Հայաստանին եւ Ադրբեջանին՝ լուծելու բոլոր չկարգավորված խնդիրները»,- ասված է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան պատասխանում:
«ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության ինչպիսի՞ հնարավորություններ են տեսնում, եւ ինչպե՞ս են մեկնաբանում Ադրբեջանի շարունակական սպառնալիքները, թե ուժով կբացեն «Զանգեզուրի միջանցքը»» հարցին ԱՄՆ դեսպանատնից պատասխանել են, որ հակամարտության կարեւորագույն հարցեր դեռեւս մնում են չլուծված՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը։
«Շարունակում ենք կարծել, որ տարածաշրջանի խաղաղ, ժողովրդավարական եւ բարեկեցիկ ապագայի բանալին Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող կամ դրանից բխող բոլոր չկարգավորված հարցերի բանակցային, համապարփակ եւ կայուն կարգավորումն է: Մենք, նաեւ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, պատրաստ ենք աջակցելու Հայաստանին եւ Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող կամ դրանից բխող բոլոր չկարգավորված հարցերի բանակցային, համապարփակ եւ կայուն կարգավորմանն ուղղված ջանքերում»: