Հիսուսի արձանը կդրվի թե չի դրվի՝ կարեւոր չէ։ Դա կլինի օրենքով թե ապօրինի՝ նույնպես կարեւոր չէ։ Կարեւոր չէ նաեւ դրա ճաշակավոր կամ անճաշակ լինելու հանգամանքը։ Հաստատ անճաշակ է լինելու, որովհետեւ մեծ փողի հետեւից վազող քանդակագործը չի կարող ինքնատիպ մի բան առաջարկել, նա պետք է բավարարի պահանջը մեծ փող տվողի, ով, որպես կանոն, անճաշակ է։
Այս հարցերը փակենք եւ անցնենք առաջ՝ հասկանալու համար, թե ինչ է ասում նախաձեռնողը։ Նա ասում է, որ Հայաստանում չկա հանրային կարծիք, չկան ինստիտուտներ, որոնց հետ կարելի է հաշվի նստել, եւ որոնց հնարավոր չէ փողով կամ նյութով գնել։ Ներառյալ 1721-ամյա Հայ Առաքելական եկեղեցին եւ նրա հոգեւոր դասը։
Մի անգամ, երբ հոգեւորականների շրջանակում խոսք բացվեց մեր եկեղեցու պատարագն աշխարհաբարի (ժամանակակից արեւելահայերենի) փոխադրելու մասին, եկեղեցու սպասավորներն այնպես հարձակվեցին խոսքը բացողի վրա, կարծես բակում խարույկն արդեն պատրաստ էր։ Խոսք բացողն ընդամենն ուզում էր ասել՝ ձեր բու-բու-բու-ն ըմբռնելի եւ ընկալելի չէ հասարակ մարդուն։ Իսկ եկեղեցու սպասավորներն արձանագրեցին, որ անկախ ժամանակից, իրողություններից, հասարակարգից եւ անգամ աշխարհակարգից՝ ոչ թե եկեղեցին պետք է գնա մարդու մոտ, այլ մարդը պետք է դառնա առ եկեղեցի։
Իմիջիայլոց, դոգմատիզմի այդ պահապաններից շատերը (զրույցին մասնակցող) ժամանակի ընթացքում սեփական կամքով կամ տարատեսակ աններելի զանցանքների համար կարգալույծ եղան եւ համալրեցին աշխարհիկներիս շարքերը՝ իհարկե առանց նախապես մեր կարծիքը հարցնելու։
Հիսուսի արձանի տեղադրումը նախաձեռնողն ինձ հաշվի չի առնում։ Նա հաշվի չի առնում նաեւ առավոտից իրիկուն Ֆեյսբուքի լրահոսը զայրալի գրառումներով լցնող ընդդիմախոսներին։ Նա հաշվի է առնում այն զանգվածին, որը փրկչական հրաշքի մուրացիկ է։ Հրաշք, որ կարող է երեւալ եկեղեցու բակում գցված ձրի սեղանների տեսքով։ Հրաշք, որ կարող է լինել անթաքույց ու շվայտ բարեգործությամբ։ Հրաշք, որ կարող է մարմնավորվել մեկի ցոփ, բայց ըղձալի-ընդօրինակելի կենցաղով։ Հրաշք, որ հայտնվելու է մի սարի գագաթին բարձրանալիք Հիսուսի արձանով։
Եվ այս պայմաններում ի՜նչ զարմանալի բան կա, երբ երկրի N1-ը պաշտպանում է Հիսուսի արձանի տեղադրումը նախաձեռնողին։ Ոչ մի։ Քանզի նա՝ այդ N1-ն, իր իշխանությունը կառուցարկել եւ այժմ էլ պահպանում է փրկչական հրաշքի մուրացիկների ձգտումների հաշվին։
Արձանը նրան (նրանց) վստահություն է ներշնչելու, որ միայն հարուստներն են անցնելու ասեղի անցքով, մուրացիկներն էլ համոզվելու են, որ այս հրաշքը նոր հրաշքներ է բերելու։ Դեռ Հայր Աստծո արձան կա դնելու, դեռ Սուրբ Հոգին պիտի կախվի մեր գլխին՝ հաստատելու համար, որ մենք ոչ միայն համաշխարհային ազգ ենք, այլեւ տիեզերական պետություն։
Սա է իշխանության փիլիսոփայությունը՝ ձեւակերպված հավակնոտ մեգահարուստի անզուսպ երեւակայությամբ։
Կարծիքները, թե N1-ը Հիսուսի արձանի թեման քաղաքական օրակարգ ներմուծելու եւ դրանով իսկ հանրության ուշադրությունը շեղելու փորձ է անում, այլ բան չեն, քան այս փիլիսոփայության թերագնահատում կամ անտեսում։
Օրակարգ ձեւավորելու, հանրության ուշադրությունը շեղելու համար, փառք տեղադրվելիք արձանին, կա «հզոր ընդդիմություն», եւ նրան առընթեր է Հայ Առաքելական եկեղեցին, որն անցած երկու տասնամյակում հանուն ինքնահաստատման այնքան է իջեցրել նշաձողը, որ այսօր հերձվածողների համար խարույկ վառելու փայտ չունի անգամ։ Վաղն էլ չի ունենա, երբ ասեղի ծակը ջրի ճամփա սարքածները հանկարծ որոշեն, որ պատարագը ռուսերեն պետք է անցկացվի։ (Լավրովը կասի՝ народ требует!)
Մենք շուտով կունենանք Հիսուսի արձան, չեմ կասկածում։ Զբոսաշրջությունը դրանով կզարգանա, թե ոչ՝ կարեւոր չէ։ Այսինքն՝ հաստատ չի զարգանա, որովհետեւ առանց հատուկ մասնագիտական, փորձագիտական եզրակացությունների էլ երեւում է, որ Հայաստան այցելող զբոսաշրջիկի տեսադաշտը մոտ 90 տոկոսով կրոնական է։ Զբոսաշրջություն զարգացնելու համար վանքից, եկեղեցուց, մատուռից ու խաչքարից բացի այլ բան պետք է առաջարկել։ Իսկ այս ամենից էլ բացի պետք է զուգարաններ կառուցել եւ հավաքել աղբը։
Իմ կրոնն ու դավանանքը խոսքն է։ Ուժին, սպառազինությանը, քաղաքական խարդավանքներին ու նման բաներին չեմ հավատում։ Պետք է խոսենք, համոզենք իրար, եթե անգամ դա անհնար է թվում։