ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի (ԿԳՄՍ) նախարարությունը պարզաբանում է հրապարակել «Հիսուս Քրիստոս» մոնումենտալ արձանի տեղադրման եւ Հատիս լեռան տարածքում պատմության եւ մշակույթի հուշարձանների առկայության վերաբերյալ:
ԿԳՄՍ նախարարությունից մասնավորապես նշել են, որ 2022-ի փետրվարի 28-ին «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամից ստացված՝ «Հիսուս Քրիստոս» մոնումենտալ արձանի տեղադրմանը վերաբերող գրությանն ի պատասխան՝ մարտի 17-ին հիմնադրամին տեղեկացվել է, որ նախատեսվող մոնումենտալ քանդակ-համալիրի տեղադիրքը որոշելիս անհրաժեշտ է հաշվի առնել օրենսդրությունը եւ բացառել պատմության եւ մշակույթի հուշարձանների կամ դրանց պահպանական գոտիների տարածքներում այն տեղադրելը:
Հիմնադրամը որեւէ նախագիծ կամ ծրագիր չի ներկայացրել
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից պնդում են, թե վերոնշյալ գրությունից հետո որեւէ նախագիծ կամ ծրագիր նշյալ հիմնադրամը նախարարությանը չի ներկայացրել, իսկ Հատիս լեռան՝ որպես տեղադիրքի ընտրության վայրի մասին տեղեկությունը ստացվել է լրատվամիջոցներից:
Նախարարությունը շեշտում է, թե իր ենթակայության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մարզային աշխատակիցներն ահազանգել են, որ դեպի Հատիս լեռան գագաթ ճանապարհի ուղղման եւ լայնացման աշխատանքներ են իրականացվում:
ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության վարչության հանձնարարությամբ հուլիսի 7-ին վերոնշյալ ՊՈԱԿ-ի Կոտայքի մարզի հուշարձանների պահպանության մարզային ծառայության աշխատակիցները հնագետի ուղեկցությամբ այցելել են տարածք, կատարել համապատասխան ուսումնասիրություններ:
Տարբեր դարաշրջաններով թվագրվող 20 հուշարձան
Հատիս լեռան փեշերին ընդհանուր առմամբ պատմության եւ մշակույթի՝ պետական ցուցակում գրանցված շուրջ 20՝ տարբեր դարաշրջաններով թվագրվող հուշարձաններ կան: Դեռեւս 2019-ին հայ-իտալական հնագիտական արշավախմբի ուսումնասիրություններով՝ Հատիս լեռան գագաթին նախնական տվյալներով բրոնզ-երկաթեդարյան հնավայր-ամրոց (նորահայտ օբյեկտ) կա, որի պարիսպները շատ լավ տեսանելի են օդային լուսանկարներից:
Նշյալ նոր հայտնաբերված հնավայր-ամրոցի տարածքում հողի լիցքի եւ հարթեցման աշխատանքներ են արվել: Անգամ եթե նորահայտ օբյեկտը դեռեւս ընդգրկված չէ հուշարձանների պետական ցուցակում, ակնհայտ է, որ այն հնավայր-ամրոց է։ Ընդ որում՝ ըստ ՀՀ Կառավարության 2002-ի ապրիլի 20-ի համապատասխան որոշման 43-րդ կետի՝ «Հիմնարկները, իրավաբանական եւ ֆիզիկական անձինք աշխատանքների կատարման ժամանակ պատմական, գիտական, գեղարվեստական եւ այլ մշակութային արժեք ունեցող հնագիտական եւ մյուս օբյեկտների հայտնաբերման պահից պարտավոր են դադարեցնել աշխատանքները եւ դրա մասին անհապաղ հայտնել լիազոր մարմնին»:
Հակասում է գործող օրենսդրությանը եւ կարգերին
ՀՀ համապատասխան օրենքի 20-րդ հոդվածով` «Պատմական, գիտական, գեղարվեստական կամ մշակութային այլ արժեք ունեցող նոր հայտնաբերված կամ նոր արժեքավորված օբյեկտը ստանում է նորահայտ հուշարձանի կարգավիճակ եւ պահպանվում է մինչեւ հուշարձանների պետական ցուցակում ընդգրկվելը օրենսդրությամբ սահմանված կարգով»:
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը շեշտել է, թե ընդունելի համարելով «Հիսուս Քրիստոս» մոնումենտալ արձանի գաղափարը՝ միեւնույն ժամանակ իր լիազորությունների եւ պատասխանատվության սահմաններում մինչ սահմանված կարգով նախագծի ներկայացումը եւ մասնագիտական ուսումնասիրությունը պահանջում է դադարեցնել ցանկացած գործունեություն հնավայր-ամրոցի տարածքում, որը հակասում է գործող օրենսդրությանը եւ կարգերին։
Դատապարտելի է, զբոսաշրջության տեսակետից՝ անտեղի եւ աղետալի
Ավելի վաղ Պրոֆեսիոնալ զբոսավարների հայկական ասոցիացիան՝ ՊԶՀԱ-ն (Armenian Association of Professional Tourist Guides/AAPTG), դիմելով ՀՀ Կառավարությանն ու վարչապետին, ընդգծել է, որ Հիսուսի արձանի տեղադրումը ցանկացած վայրում եւ, առավելապես, Հատիս լեռան վրա անընդունելի է, դատապարտելի եւ զբոսաշրջության տեսակետից՝ անտեղի եւ աղետալի։
Ասոցիացիան խնդրել եւ պահանջել է դադարեցնել ապազգային, հակամշակութային, հակաբնական եւ հակաէսթետիկ նախագծի իրականացումը։