Վայոց ձորի մարզի Հերհեր գյուղի անունը կապ չունի ո՛չ «հեր»՝ «հայր» բառի, ո՛չ էլ բարբառային «հե՞ր»՝ «ինչո՞ւ» բառի հետ: Գյուղ մտնելուն պես բնակիչները հորդորում են այցելել Դավիթ Մինասյանի տուն, որ Հերհերի պատմությունը եւ անվան ծագումը ոտքից գլուխ ներկայացնի: Պատմաբան Դավիթ Մինասյանը Վայոց ձորի ամենահին գյուղերից մեկի դպրոցում պատմություն, հասարակագիտություն, աշխարհագրություն եւ եկեղեցու պատմություն է դասավանդել: Երկու տարի է՝ դուրս է եկել դպրոցից, բայց մանկավարժի ոգեւորությամբ է պատասխանում հարցերին:
Նախկին ուսուցիչը միանգամից է հիշեցնում՝ պատահական գյուղ չենք գնացել, Հերհերը եղել է Օրբելյանների վասալ Շահուռնեցիների նստավայրը, այստեղ է ծնվել Գրիգոր Տաթեւացին: Հերհեր անունն այս պատմական իրողություններից ոչ մեկին չի առնչվում: Գյուղը Վայոց սարի շրջակայքում է:
Հրաբխային լեռը ժամանակին ժայթքել է, պարբերաբար հետցնցումներ են եղել, ու տարածքի բնակավայրերն անվանել են Երերան՝ երերացող: Հեշտ արտասանության համար էլ ավելացել է «հ»-ն: Վարկածներից մեկն էլ այն է, որ գյուղը հայտնի է եղել որպես գորգագործության կենտրոն, ու բնակավայրի անունն առաջացել է «հեր»՝ «մազ» բառից՝ «հեր» են հյուսել:
Պատմական հարուստ անցյալ ունեցող գյուղը հիմա իր առօրյա խնդիրներով մյուս բնակավայրերից գրեթե չի տարբերվում: Բնակիչներն էլ են հաստատում՝ մի գյուղից չեն, մի օրի են: Գյուղի վարչական ղեկավար Նաիրի Բաբայանը նախորդ տարվա նոյեմբերից է զբաղեցնում պաշտոնը: Ասում է՝ դեռ ուսումնասիրում են՝ ինչ ծրագրեր կարող են անել գյուղում, որոնք են առաջնահերթությունները: Բաբայանը խուսափում է Հերհերի խնդիրներից խոսելուց:
Ասում է ՝ ամեն ինչ նորմալ է, մի քիչ հստակեցում խնդրելուց հետո միայն պարզաբանում՝ գյուղի կեսը լուսավորված չէ, գազամատակարարումը մասամբ է, ասֆալտը՝ միայն գլխավոր փողոցում: Գյուղի ցանքատարածությունների բավական մեծ հատված անձրեւի հույսով է. թե տարին չորային եղավ, բերք էլ չի լինի: Հիմա քիչ են ցանում, խոտն են քաղում, վաճառում:
Գյուղապետարանի առաջին ձեռքբերումը կազմակերպչի հաստիքի ավելացումն է: Թե նրա գործառույթը որն է, վարչական ղեկավարը պարզ պատասխան է տալիս՝ կազմակերպիչը կազմակերպչական աշխատանքներ է կատարում, օրինակ՝ ուսուցիչների տոնին ծաղիկներ նվիրելու գործն է կազմակերպում:
Հերհերի հիմնական խնդիրը, որից խոսում է ամեն երկրորդ բնակիչ, մանկապարտեզ չունենալն է: Հաստատության հին շենքը գյուղի կենտրոնում է, բայց մի քանի տասնամյակ է՝ չի գործում: Ծրագրում են շինության մի հատվածը վերանորոգել, մանկապարտեզ դարձնել: Ասում են՝ ցանկությունը կա, բայց միայն դա բավարար չէ: Այդ տարիքի երեխաները քիչ են, համայնքապետարանն էլ վստահ չէ՝ արդյո՞ք առաջնահերթություն է դրա կառուցումը. պիտի ուսումնասիրեն, հասկանան:
Մինչեւ վեց տարեկան երեխա ունեցողները, սակայն, միանշանակ են պնդում՝ մանկապարտեզի հարցը պետք է առաջինը լուծվի: Նախկին կառույցի տարածքում հիմա մի քանի փոքրիկ ընկերություններ են գործում՝ տպարան, հացի փուռ, զովացուցիչ ըմպելիքների, լվացքի պարագաների արտադրամասեր:
Դրանցում աշխատողների թվեր թե՛ գյուղապետը, թե՛ գործատուները չեն նշում. ասում են՝ կարեւորը աշխատողներ կան, բնակիչների ու գյուղի հոգսը պակասում է:
Մանկապարտեզի նախկին շենքը տարբեր ձեռնարկատերերի տրամադրելու նպատակը կառույցի քայքայումը կանխելն է: Օգտագործողներն էլ նշում են՝ թե այդտեղ չաշխատեին, հիմա շենքը քանդվել էր. իրենք ե՛ւ հսկում են, ե՛ւ պահպանում տարածքը:
Երեք տարուց ավելի է՝ Սերոբ Արամյանն այդ շենքում «Լիլիթ» զովացուցիչ ըմպելիքների արտադրությամբ է զբաղվում: Ցանկանում են արտադրությունն ավելի մեծացնել ու ոչ միայն Վայոց ձորում, այլեւ հարեւան մարզերում վաճառել: Սերոբը ե՛ւ արտադրամասի սեփականատերն է, ե՛ւ տեղում մասնակցում է արտադրությանը, ե՛ւ առաքում:
Աշխատանքն այնքան շատ է, որ այս տարիների ընթացքում դեռ չի հասցրել մանկապարտեզի տարածքի վարձակալության թղթաբանական հարցերն ավարտել, վճարում չի անում: Ասում է՝ շուտով կզբաղվի պայմանագրով:
Հարեւանությամբ էլ լվացքի պարագաների արտադրամասն է: Սեփականատիրոջ հայրը՝ Արամ Սարգսյանը, նշում է, որ վարձակալության պայմանագիր ունեն, բայց չի ասում՝ որքան են վճարում: Մանկապարտեզի շենքի հացի փուռն ամենահինն է՝ 2013-ից է գործում: Փոքր գումար են վճարում համայնքապետարան, շինության պահպանությամբ են զբաղվում:
Արտադրամասի սեփականատեր Թամարա Վարդազարյանն էլ թոռնիկներ ունի, որ մանկապարտեզ չեն գնում: Ինքն էլ ուզում է՝ այդ հարցն արագ կարգավորվի, երեխաների համար էլ մի խաղահրապարակ կամ զբաղմունքի վայր ստեղծվի. «Բա մի հարմար տեղ չլինի՞, թոռիդ ձեռից բռնես, գնաս, նստես, հանգստանաս»:
Փռում աշխատող Լյուդմիլա Միքայելյանն էլ հավելում է՝ երեխաների համար գյուղում ոչինչ չկա. ո՛չ սպորտի կարող են գնալ, ո՛չ մշակույթի կենտրոն, ո՛չ դպրոցից բացի ինչ-որ այլ բանով զբաղվել: Չգիտեն ամռան 3 ամիսներն ինչպես անցկացնել:
«Ամեն ինչից զուրկ են մեր երեխաները, շատ ընտանիքներ գնում են գյուղից, երբ երեխաները դառնում են մանկապարտեզի տարիքի: Շատերը սեփական մեքենաներ չունեն, տաքսիով էլ հարմար չէ ամեն անգամ Վայք տանել, ծախսը շատ է լինում: Հիմա ես իմ երեխային ուզում եմ Վայքի «Թումո» ուղարկել, բայց ո՞նց անեմ»,- ասում է Լյուդմիլան:
Գյուղում ո՛չ Վայք, ո՛չ Եղեգնաձոր, ո՛չ էլ Երեւան գնացող երթուղային չկա: Մայրաքաղաք գնացող եղել է, բայց համավարակից հետո չի աշխատում: Հիմա գյուղացիները կա՛մ սեփական փոխադրամիջոցներով, կա՛մ տաքսիներով են երթեւեկում: Դա էլ լրացուցիչ ծախս է:
Հերհերը հարուստ մշակութային ժառանգություն ունի: Գյուղում հյուրեր շատ են լինում, միայն թե ենթակառուցվածքների վիճակը խոչընդոտներ է ստեղծում: Շուտով կբացվի առաջին հյուրատունը: Հույս ունեն՝ կկարողանան զարգացնել գյուղական զբասաշրջությունը՝ հերթով լուծելով նաեւ Հերհերի մյուս խնդիրները: Միայն թե առաջնահերթությունները սահմանելու համար ժամանակը միշտ չի բավականացնում, եւ անցնում է եւս մի քանի տարի:
Լրագրությունը որպես մասնագիտություն ընտրելիս հավատացած էի` այն կարող է աշխարհը փոխել: Հիմա մտածում եմ` գուցե աշխարհը փոխել չստացվի, բայց որոշ դեպքերում իրավիճակ փոխել հնարավոր է: