ՄԱԿ-ի Տնտեսական եւ սոցիալական հարցերի դեպարտամենտն Ազգաբնակչության համաշխարհային օրը՝ հուլիսի 11-ին, հայտնել է, որ Երկրի վրա մարդկանց թիվը 2022-ի նոյեմբերի 15-ին կհասնի 8 միլիարդի:
Ըստ այդ կանխատեսումների՝ արդեն 2023-ին Հնդկաստանն առաջ կանցնի Չինաստանից եւ կդառնա աշխարհի ամենախիտ բնակեցված պետությունը:
Դեպարտամենտի հետազոտությունը ցույց է տվել, որ անցյալ տարի աշխարհի բնակչության աճի տեմպերը 1950-ին վիճակագրություն վարելու սկզբից ի վեր առաջին անգամ ցածր էին 1%-ից: Ընթացիկ տարում սպասվում է 0,8% ցուցանիշ: Մասնագետների հաշվարկներով՝ հաջորդ սահմանը՝ 8,5 միլիարդը, կհաղթահարվի 2030-ին:
Այս հարյուրամյակի 80-ականներին սպասվում է Երկրի վրա բնակչության թվի առավելակետը՝ 10,4 միլիարդ մարդ, այնուհետեւ ցուցանիշն այդ մակարդակում կմնա մինչեւ 2100 թվականը:
Բնակչության շարունակվող աճը, հեղինակների կարծիքով, պայմանավորված է առաջին հերթին զարգացող երկրներում բարձր ծնելիությամբ:
Ասիայում ապրում է Երկրի բնակիչների ավելի քան կեսը՝ 4,7 միլիարդ մարդ
Ենթադրվում է, որ բնակչության ընդհանուր աճի կեսից ավելին բաժին է ընկնում ութ երկրների՝ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությանը, Եգիպտոսին, Եթովպիային, Հնդկաստանին, Նիգերիային, Պակիստանին, Ֆիլիպիններին եւ Տանզանիային:
ՄԱԿ-ի տվյալներով՝ 1999-ին Երկրի վրա ապրում էր 6 միլիարդ մարդ, 2011-ին՝ 7 միլիարդ, 2021-ին մոլորակի վրա մարդկանց քանակը գերազանցել է 7,9 միլիարդի նշագիծը:
Ներկայում մոլորակի ամենախտաբնակ տարածաշրջանն Ասիան է, այնտեղ է բնակվում 4,7 միլիարդ մարդ՝ Երկրի բնակիչների ավելի քան կեսը:
Աֆրիկայում ապրում է 1,4 միլիարդ, Եվրոպայում՝ շուրջ 748,5 միլիոն, Լատինական Ամերիկայի եւ Կարիբյան ավազանի երկրներում՝ 665 միլիոն, Հյուսիսային Ամերիկայում՝ 373 միլիոն, Օվկիանայում՝ 43,8 միլիոն մարդ:
Ամենամարդաշատ պետությունների՝ Չինաստանի (1,41 միլիարդ մարդ) եւ Հնդկաստանի (1,37 միլիարդ) քաղաքացիների թիվը մոլորակի բնակիչների ընդհանուր թվաքանակի 35%-ն է:
Փոխվում է նաեւ Երկրի բնակչության տարիքային կառուցվածքը
Համաշխարհային բանկի տվյալներով՝ աշխարհում կյանքի միջին տեւողությունը 2020-ին եղել է 73 տարին (ամենաբարձրը՝ 85՝ Հոնկոնգում, ամենացածրը՝ 54՝ Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում): Բացի դրանից՝ փոխվում է բնակչության տարիքային կառուցվածքը:
Ներկայում տարեց մարդիկ ամենաարագ աճող տարիքային խումբն են աշխարհում. եթե 1950-ականներին 60-ից բարձր տարիքի մարդկանց թիվը բնակչության ընդհանուր թվաքանակի 8%-ն էր՝ մոտ 400 միլիոն, ապա այսօր 10%-ն է՝ մոտ 747,2 միլիոն: Ըստ կանխատեսումների՝ 2050-ին այդ ցուցանիշը կարող է աճել մինչեւ 22%: