Ուկրաինայում ԶՈՒ-ի անհետ կորածների թիվը պաշտոնապես գնահատվում է մոտ 2 հազար։ Ուկրաինական «Суспільне» պարբերականին տված հարցազրույցում, սակայն, անհետ կորածների հարցերով հանձնակատար Օլեգ Կոտենկոն ասել է, որ ըստ իրենց գրասենյակի ստացած նամակների, դիմումների, տեղեկությունների՝ ներկա դրությամբ անհետ կորած է համարվում ուկրաինացի շուրջ 7200 զինծառայող։
Նա պարզաբանել է, որ զինված ուժերի գնահատականը վերաբերում է միայն իրենց շարքերին, մինչդեռ անհետ կորածներ կան նաեւ Ազգային գվարդիայի, սահմանապահ ուժերի, տարածքային պաշտպանության ուժերի շարքերից, որոնք զինված ուժերի հաշվառման մեջ չեն մտնում։
«Օրինակ` «Ազով» գումարտակը Ազգային գվարդիա է, այնտեղ նույնպես անհետ կորածներ կան, «Ազովստալից» դուրս գալուց հետո նրանք հարազատների հետ կապի մեջ չեն մտել»,- նշել է անհետ կորածների հարցերով հանձնակատարը։
Օլեգ Կոտենկոն հավանական է համարել, որ անհետ կորածների մեծ մասը ռուսական գերության մեջ է։ Նա նշել է, որ քանի դեռ զինծառայողները կապի մեջ չեն մտել կամ չեն ներառվել գերիների փոխանակման ցուցակներում, համարվում են անհետ կորած։